Ինչով է պայմանավորված մեր հասարակության միջի ագրեսիան
Հեղինակ՝ Kara Leva

02.06.2012, 17:01

Նախ անհրաժեշտ է հասկանալ թե ինչ է ագրեսիան: Ագրեսիան կամ հայաֆիկացված նախահարձակությունը, դա անձի առանձնահատկություն է, որը բնորոշվում է միջանձնային հարաբերությունների ոլորտում քայքայիչ միտումների առկայությամբ: Ագրեսիան նաև հնարավոր է անշունչ առարկաների նկատմամբ, որն ընկած է կենցաղային վանդալիզմի հիմքում, որը կարող ենք տեսնել տրանսպորտային միջոցներում հասցված վնասները, լինի դա մետրոյի, աֆտոբուսի կամ էլ երթուղայինի աթոռներին կամ կանգառներում ջարդվածքները,փորագրությունները, գրությունները, հայտարարությունները ճղելը, փոկել ու այս ու այն կողմ շպրտելը և այլն: Ագրեսիան որն ուղղված է ինքն իր դեմ անձի հատկությունն է, այն ձեռքբերովի որակ է, սոցիալականացման արդյունք:  
 
Այսինքն եթե ագրեսիան տեխնիկապես տեղի է ունենում ապա անձը գտնվում է նախ և առաջ ներքին անհամաձայնության մեջ ինքն իր հետ: Ագրեսիան հիմնված է կենսաբանական հարմարողական մեխանիզմների վրա, որոնք մարդկանց և կենդանիների մոտ ընդհանուր են: Մարդու առանձին բնածին բնութագրերը (բնավորության տիպը, խառնվածքի տեսակը, հորմոնային կարգավիճակի յուրահատկությունները) զարգացման ընթացքում կարող են ազդել, հաճախ՝ էականորեն, այդ գծի ձևավորման վրա, բայց որոշիչ գործոններ չեն:
 
Ագրեսիան որոշում է անձի ամբողջական կերպարը, նրան դարձնելով կոնֆլիկտային, սոցիալական համագործակցության անընդունակ՝ դրսևորելով չարդարացված թշնամանք, չարություն և դաժանություն: Մի շարք մանկավարժների, քաղաքական գործիչների, հասարակական կարգի պահպանության մարմինների աշխատակիցների մոտ ձևավորվել է ծայրահեղ բացասական վերաբերմունք անձի ագրեսիվություն հատկության նկատմամբ, որի ամեն մի դրսևորման դեմ, նրանց կարծիքով, պետք է անողոք պայքարել, սակայն որոշ դեպքերում հենց իրենք են դառնում ագրեսիվ վարքագծի վառ դրսևորողներ:
 
 Երբեմն ուղղակի, երբեմն անուղղակի: Այն ինչ նկատելի է անզեն աչքով անհնար է թաքցնել հասարակությունից: Բոլորս էլ գիտենք թե ինչ ճգնաժամ են ապրում Սովետական Միության ժամանակահատվածում ծնված և ձևավորված անձինք, որոնք այլ պատկերացումներ և իդեոլոգիաներ ունեն կապված հասարակության կարգի և ընդհանրապես հասարակության նկատմամբ: Լինի դասախոս թե մանկավարժ անպայման իր պարտքն է համարում հայրաբար կամ մայրաբար վերաբերվելու իր մոտ ուսանելու եկած անձանց, հատկապես երբ խոսքը վերաբերվում է նրանց դաստիարակելուն: 
 
Հետաքրքիր է տեսնել այն անողոք ջանքերը որոնք ապարդյուն թափում են նրանք փորձելով մի կերպ իրենց ժամանակավոր հպատակ դարձած անձանց ստիպելու վերցնել իրենց աշխարհայացքներն ու գաղափարները: Դասախոսները համալասարաններում անպայման իրենց համար որդեգրում են այնպիսի վարքագիծ, որտեղ ուսանողը երբեք իրենց չի զգա որպես ապագա մասնագետ կամ դասախոսին ապագա կոլլեգա, միայն դպրոցական լակոտի գիտակցությամբ կդրսևորի իրեն, դասախոսի վերահսկողության և  նրա կողմից ինքնահաստատման դրսևորումների հետ կհաշտվի և ի վերջո դուրս գալով համալսարանական պատերից կդառնա հերթական անլիարժեքությամբ տառապող անհատը, որը ևս կփորձի ճնշել և ագրեսիայի տարբեր դրսևորումներ ցուցաբերել հասարակության մեջ: 
 
Ինչ վերաբերվում է քաղաքական գործիչներին, նրանք հիմնականում լինելով տղամարդիկ, տառապում են այնպիսի բարդույթով ինչով տառապում է համարյա ՀՀ բնակչության իննսուն տոկոսը, մաչոյի և ապեի բարդույթով: Ինչ է նշանակում մաչո և ապե ի բարդույթ, երբ անձը ձևավորվում է այնպիսի հասարակությունում երբ կենդանական վայնասունը և ինստինկտները ավելի բարձր արժեք են քան ինտելլեկտը, լեզուների իմացությունը, զուսպ և հանդուրժող բնավորության գծերը, ապա նա իր համար ստեղծում է այնպիսի կերպար որով նա կկարողանա նման հասարակությունում գոյատևել: Հետամնացը և հին անհրաժեշտ է տարբերակել: Հարցը մարզերից եկած անձինք չեն, հարցը նրանում է որ ամեն անհատ հնարավոր է կորցրել է իր ներուժը և հասարակության մեջ ինտեգրվելու համար ստացել է այլ կերպար: Հագուստ, սանրվածք, արտահայտվող գաղափարներ և մեր թեմայի հետ սերտ կապեր ունեցող բռնությունը որպես տղության և մաչոյի նշան, ագրեսիայի տեսքով ցուցաբերելը դարձել է իսկական տղամարդու գաղափար: Ներկայումս այսպես կոչված քյառթուների մեծ մասը ուղղակի դիմակ է հագել և ժամանակից փոքրամասնություն համարվող անկիրտ բրուտագործներից վերածվել է հայ հասարակության համար մեծ վտանգի: 
 
Վերադառնանք քաղաքական գործիչներին, երբ քաղաքական գործիչները լինելով հինականում տղամարդիկ ( կանայք միայն ձևական տեսք ունեն պառլամենտում, թերևս նրանք կառավարվում են հենց տղամարդկանց կողմից, տանը, դրսում, հասարակական կարծիքի միջոցով, այնպես որ ասել ինքնուրույն քաղաքական գործիչ կին անհնար է), մտնում են քաղաքական դաշտ և լինելով մեծամասամբ մաչոյի և ապեի բարդույթի կրողներ, սկսում են այդ բարդույթի ամենավառ դրսևորումները ցուցաբերել հասարակությունում՝ մասնավորապես ճոխ մեքենաները, ծտերի հետ սաունա գնալը և այլն սա ոչ միայն քաղաքական գործչի այլ նաև սովորական շարքային երիտասարդ տղամարդու երազանքն է:
 
 Ինչ վերաբերվում է իրավապահ մարմիններին: Երևի ավելորդ անգամ նշեմ որ հասարակական կարգի պահպանությունը անհրաժեշտ է իրականացնել ի օգուտ հասարակությանը, իզոլացնելով հասարակական վտանգ ներկայացնող անձաանց նույն հասարակությունից, բայց ինչ ենք տեսնում այսօր՞: Երբեմն իրավապահ մարմինների աշխատակիցները չեն ունենում իրավական այն տարական գիտելիքները որը ես անցել եմ դեռ իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսում: 
 
Նմանապես ապեի բարդույթվ տառապող բացառապես երիտասարդ տղամարդիկ (կանայք դեռևս կադրային բաժնում են) ունենում են խնդիրներ հասարակական վտանգ ներկայացնող անձին հասարակությանը օգտակար անձնանց տարբերակելու մեջ: Անելով դա ագրեսիայով և ամենայն ատելությամբ համայն մարդկությունը, ստիպում է ինձ մտածել որ մեր հասարակությունից դուրս եկած երիտասարդները չեն կարողանում այնքան կամքով ուժեղ, գիտակից և խոհեմ գտնվել որ դիմակայեն ամեն տիպի պատահարներին, հատկապես դաժան և անմարդկային պատահարներին:
 
Ագրեսիվությունը մեր հասարակությունում պայմանավորված է մի շարք գործոնների հետ, որոշը ես արդեն թվեցի վերևում, բայց ամենաառանցքային պատճառը հասարակության ամեն մի անհատի առողջությունն է: Բացատրեմ ինչու:
Առողջությունը օրգանիզմի բնական վիճակ է, որը բնութագրվում է շրջակա միջավայրի հետ հաստատված հավասարակշռությամբ և հիվանդագին փոփոխությունների բացակայությամբ:
 
 
Քանի որ մարդու սուբյեկտիվ ինքնազգացողությունն միշտ չէ որ կապված է նրա օրգանների և համակարգերի իրական վիճակի հետ ու դեռ տատանվում է ինչպես անհատական առանձնահատկությունների, այնպես էլ սոցիալ-մշակութային ազդեցությամբ պայմանավորված լինելով, առողջության հասկացությունը չափազանց բարդ ու հակասական է: Առողջության առավել ընդհանրացված մեկնաբանությունը տրված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոնադրության ներածության մեջ. "Առողջությունը ֆիզիկական, հոգևոր և սոցիալական լիովին բարվոք վիճակ է, այլ ոչ թե միայն հիվանդությունների կամ ֆիզիկական արատների բացակայություն": 
 
 
Առողջությունը բարձրագույն կարգի անհատական և սոցիալական արժեք է, այն չի կարող փոխարինվել կամ դուրս մղվել որևէ այլ արժեքի կամ շահի կողմից` առանց անհատի գոյությանը էական վնաս պատճառելու: Թերևս միայն անձի կյանքն է ամենաբարձրագույն արժեքը , բայց գտնում եմ սխալ է տարանջատել առողջությունը կյանքից կամ գոյությունից: Միևնույն ժամանակ առողջության պակասը լրջորեն սահմանափակում է անձի գործունեության հնարավորությունները:
Առողջական վիճակի վրա իրենց կնիքն են դնում շատ գործոններ, որոնք պայմանավորված են ինչպես կենսաբանական, այնպես էլ սոցիալական (սոցիալ-տնտեսական) նախադրյալներով: 
 
Այսպիսով տեսնում ենք որ Հայաստանի շատ քաղաքացիների պաշտպանական ներուժի էական նվազումը, որն արդի փուլի սոցիալ-տնտեսական դժվարությունների հետևանք է, ծխելը, հարբեցողության աճը, ինքնապաշտպանական վարքագծի մեխանիզմների թուլացումը առաջ են բերում հիվանդություններ և կարողությունների սահմանափակումներ, որոնց մեծ մասը հետագայում փոխանցվում է ժառանգներին կամ ազդում հաջորդ սերնդի կենսաբանական հենքի վրա: Մեր արդի հասարակությունը առողջ անվանել անհնար է:
 
 Առողջ թե ֆիզիկապես և թե հոգեպես: Ահա թե որն է հասարակության մեջ ագրեսիայի պատճառը: Անհնար է տեսնել անձ որը գոհ է իր սոցիալական վիճակից, իր առողջական վիճակից և այլն և ագրեսիա է դրսեևորում ամենադաժան առումներով, բացի հոգեկան խաթարում ունեցողներից ուրիշ ոչ ոք նման վարքագիծ չի որդեգրի: Իսկ երբ մեր հասարակությունը առողջապես հիվանդ է, թե հոգեպես և թե ֆիզիկապես ապա իր հերթին, հիվանդ և տկար սերունդը մտավոր և ֆիզիկական կատարելագործման, գործունեության նոր, ժամանակակից տեսակներ յուրացնելու անընդունակ կլինի, ինչը կսահմանափակի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունները: Մենք մեր ձեռքով դեգրադացնում ենք մեր սեփական հասարակությունը:
 
Երևան են գալիս ազգի առողջական վիճակի վրա ազդող նոր գործոններ, որոնք դեռևս մեկ-երկու սերունդ առաջ հայտնի չէին: Օրինակ շրջակա միջավայրի քիմիական, միկրոտարրային, ճառագայթային աղտոտումը դարձավ մեկն այն հանգամանքներից, որոնք լրջորեն ազդում են հիվանդացության աճի վրա ողջ հանրապետությունում:
 
Ազգի առողջության վրա ազդող հիմնական գործոններն են.
 
- աշխատանքի պայմանները, բնույթը և վարձատրության չափը,
- զբաղվածության և գործազրկության հարաբերակցության մակարդակը, աշխատատեղը և սոցիալական կարգավիճակը կորցնելու  հնարավոր և իրական սպառնալիքը,
- մասնագիտական վնասակարությունը, այսինքն` ազդեցությունը վնասակար գործոնների, որոնք կապված են գործունեության տվյալ տեսակի տեխնոլոգիաների և (կամ) կազմակերպման հետ,
- սննդի չափը և որակը,
- բնակարանային պայմանները,
- ապրելակերպի առանձնահատկությունները,
- վնասակար սովորույթները (կամ կախվածությունը ոգելից խմիչքից, թմրանյութից, սննդից և այլն),
- շրջակա միջավայրի վիճակը,
- առողջապահության զարգացման մակարդակը և որակը, տարածքի սանիտարական վիճակը:
 
 
Խնդրում եմ ինքներդ ձեզ պատասխանեք նշված կետերի բացակայության և առկայության մասին հարցին: Եթե տեսնեք որ այդ հնգամանքները հինգից ավելի են, ընդհանուր հասարակության մակարդակում, ապա հասկանալի է թե ինչու մեր հասարակությունը շարունակում է մնալ անառողջ և նույնիսկ փորձ չի անում ուղղվելու: Որպես փոքրիկ երեխա երբ նրան սովորեցնում են որն է իր համար ճիշտը,առողջը օգտակարը, հայերը ասում են չէ, ինչպես երեխաները կասեն իրենց մամային երբ իրենց չարություններին ուզում են վերջ դնել: Գտնվում է ամեն պատճառ միայն թե չհասկանալու, չգիտակցելու, չփորձելու ուղղվելու ահամար, պատճառաբանվում են տարբեր գործոններ և գաափարներ որպես մասսոնների և հրեաների հերթական աշխարհը գրավելու փորձեր, Եվրոպայի այլասեռված քաքերի ներմուծման փորձեր, հայ ազգայնական գաղափարին դեմ գնացող ոչնչացնող քաղաքականության փորձեր և այլ զառանցանքներ: Իսկ հիմա տեսեք թե վերը նշվածից ով է շահում մենք թե Եվրոպան կամ աշխարհը: Իհարկե մենք ենք շահում որ շարունակում ենք մեզ երևակայել որպես միջնադարյան թույն ու հին ազգ, որը քսանմեկերորդ դարում դեգրադացիայի ամենավառ արտահայտումն է:
Ակնհայտ է, որ հասարակական առողջության մակարդակը, նշանակալի չափով պայմանավորված են նաև սոցիալական և հոգեբանական պատճառներով, այլ ոչ միայն զուտ ֆիզիկական առողջությամբ: Մեր հասարակության մեջ առկա ագրեսիվության ամենառաջին պատճառը հենց հասարակության անառողջությունն է, թե ինչով է այն պայմանավորված այլ հարց է, թե նիչ է անում հենց ինքը հասարակությունը առողջանալու համար մեկ այլ հարց է:

 

 
Սակայն ագրեսիվության առկայությունը անձին դեռևս չի դարձնում սոցիալապես վտանգավոր, բոլորովին ոչ, դա միայն ազդում է հասարակության առողջ հոգեբանական պատկերի վրա միայն: Գոյություն ունեն հասարակության հավանությանն արժանացած ագրեսիայի ձևեր (օրինակ՝ մի մարդու դատապարտում են խուլիգանության համար, իսկ մյուսը բռնցքամարտի առաջնությունում մեդալի է արժանանում գործողությունների միևնույն հանցակզմի համար): Մարդկային հոգեբանության այդ հատկությունն անհրաժեշտ է  ուղղորդել այլ ասպարեզ, չթսղնել որ նա իր մեջ կուտակված և իր կողմից անհասկանալի մղումները կառավարեն նրանով: Ագրեսիայի էներգիան, որը կողմնորոշված է դեպի ստեղծագործում, արարում, ծնունդ է տալիս այնպիսի գործողությունների, որոնք վեր են մարդու սովորական հնարավորություններից: Հասարակական պրակտիկայի պահանջները և անհատականության իրացումը կարիք ունեն այնպիսի որակի, որն անձին թույլ տա նպատակին հասնելու ճանապարհին հաղթահարել խոչընդոտները: Այդպիսի որակ է հենց ագրեսիան: Սահմանափակ կերպով իհարկե, ագրեսիան անձի սոցիալապես անհրաժեշտ հատկությունն է: Ագրեսիայի բացակայությունը առաջ է բերում ճնշվածություն, կենսական գործուն վիճակի անկում , անընդունակություն: Ագրեսիան երբեք չի կարող լինել իսպառ անհետացած յուրաքանչյուր հասարակության մեջ, բայց իդեալական հասարակության գաափարի իմ փնտրտուկների մեջ ագրեսիան ունի իր ուրույն դերը:
 
Շնորհակալություն ընթերցելու համար:
 
Հոդվածը ըստ Kara Leva-յի
Որպես աղբյուր որոշ սահմանումների համար օգտվել եմ ՀՀաշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքից:
Դիտվել է 9806 անգամ
Կիսվել`