Ինչպես չպետք է օրենք գրել

Ստորև ուզում եմ ներկայացնել մեկ դեպք, որը փաստում է մեր պետական ապարատի աշխատողների կողմից օրենսդրական տեխնիկայի տարրական կանոնները չիմանալու մասին, իսկ դրա բացասական հետևանքները կրում են ՀՀ քաղաքացիները:

2012թ.-ի դեկտեմբերի 19-ին Ազգային Ժողովը ընդունել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին № ՀՕ-241-Ն օրենքը (տեքստը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=80370), որը ուժի մեջ է մտել 2013թ.-ին հունվարի 1-ին:

Ըստ այդ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետում «կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը» արտահայտությունից հետո ավելացվել է «(բացառությամբ շրջանառության հարկ վճարողների)» արտահայտությունը:

Փոփոխության կատարման պահին «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետում (տեքստը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73138) «կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը» արտահայտությունը հանդիպում է երկու անգամ:

Այսինքն, Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին № ՀՕ-241-Ն օրենքը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ պարզ չէ «(բացառությամբ շրջանառության հարկ վճարողների)» արտահայտությունը որտեղ պետք է ներառել:

Ոչ մի այլ պետական մարմին, բացառությամբ Ազգային Ժողովի (այդ թվում օրենքների պաշտոնական ինկորպորացիա իրականացնող Արդարադատության նախարարությունը) իրավունք չունի «(բացառությամբ շրջանառության հարկ վճարողների)» արտահայտությունը «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում որևէ տեղ ներառել, քանի որ այդ դեպքում կիրականացնի օրինաստեղծություն:

Պետք է նշել, որ արդեն իսկ այս սխալի պատճառով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքի 7-րդ հոդվածի «ե» ենթակետում «(բացառությամբ շրջանառության հարկ վճարողների)» արտահայտությունը երկու տարբեր իրավական որոնողական համակարգերում՝ arils.am-ում և ԻՐՏԵԿ-ում, տարբեր տեղեր է ներառվել:

Հետևությունները հետևյալն են. օրենսդրական տեխնիկայի տարրական կանոնները չպահպանելու հետևանքով պետական համակարգը ստիպված է լինելու ծախսել նոր ռեսուրսներ օրենքը կրկին փոփոխելու համար: Իսկ այդ ամենը վճարվելու է մեր գրպաններից:

Դիտվել է 10371 անգամ
Կիսվել`