Նյութական և դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանի, Ամրահի Պետրոսյանի և Աստղիկ Խառատյանի կողմից

     ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից թիվ ԵԿԴ/0860/02/12 քաղաքացիական գործով 07.08.2013թ. կայացված որոշմամբ վերաքննիչ դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանը, Աստղիկ Խառատյանը և Ամրահի Պետրոսյանը թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:
     Վկայակոչված որոշմամբ վերաքննիչ դատարանը, կոպտորեն խախտելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, սահմանել է, որ հանցագործություն (կյանքի դեմ ուղղված ոտնձգություն) կատարելու փաստը քաղաքացիական գործի շրջանակներում կարող է հաստատվել առանց օրինական ուժի մեջ մտած դատավճռի` վկաների ցուցմունքներով:
     Վերաքննիչ դատարանը նաև ակնհայտ սխալ է մեկնաբանել նյութական իրավունքի նորմերը և սահմանել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով նվիրատվության պայմանագրի վերացումը չի պահանջում նվիրառուի նախնական դատապարտում:
     Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նվիրատվության պայմանագիրը վերացնելու հիմքերն են` 1. նվիրառուն ոտնձգություն է կատարել նվիրատուի կյանքի դեմ, 2. նվիրառուն ոտնձգություն է կատարել նվիրատուի ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ, 3. նվիրառուն նվիրատուին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածքներ:
     Այսինքն, նվիրատվության պայմանագրի վերացման հիմքում դրվող արարքները ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով հանդիսանում են հանցագործություններ: Մինչդեռ վերաքննիչ դատարանը սահմանել է, որ դատարանը կարող է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վերացնել նվիրատվության պայմանագիրը` (հետևաբար` քաղաքացիական գործի շրջանակներում հաստատել անձի կողմից հանցագործություն կատարելու փաստը) առանց նվիրառուի դատապարտված լինելու:
     Նույն որոշմամբ վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի ակնհայտ սխալ և կենցաղային բնույթ ունեցող մեկնաբանություն և նշել է, որ նվիրատության պայմանագրի վերացման հիմքում կարող է դրվել նվիրառուի «ակնհայտ երախտամոռությունը»:
     Հետևաբար, ողջամիտ հիմքեր կան հաստատելու, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանը, Ամրահի Պետրոսյանը և Աստղիկ Խառատյանը թիվ ԵԿԴ/0860/02/12 քաղաքացիական գործով թույլ են տվել դատավարական և նյութական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:
     Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելու հարցը դեռևս չի քննարկվել: Նշված որոշման կապակցությամբ համապատասխան դիմումներ են ներկայացվել նաև ՀՀ Արդարադատության խորհրդին և ՀՀ արդարադատության նախարարին:

Դիտվել է 11043 անգամ
Կիսվել`