Արդյո՞ք փոխարժեքի տատանումը վարկային պայմանագրի փոփոխության հիմք է:

Դրամի փոխարժեքի փոփոխությունները բավականին մեծ անհարմարություններ են պատճառում մեր քաղաքացիներին: Թերևս ամենամեծ վնասները կրում են այն անձինք, ովքեր աշխատավարձ ստանալով ՀՀ դրամով, արտարժույթով վարկ են վերցրել բանկերից:

Հաճախ հնչում են կարծիքներ, որ դրամի արժեզրկումը պետք է դիտարկել որպես ֆորս մաժոր: Իհարկե, այսպիսի կարծիքները քաղաքացիաիրավական տեսանկյունից այնքան էլ կոռեկտ չեն: Ֆորս մաժորը դա անկանխատեսելի հանգամանքների արդյունքում պարտավորության կատարման անհնարինությունն է: Օրինակ՝ բեռնափոխադրող ընկերությունը չի կարողանում միջազգային բեռնափոխադրում կատարել, քանի որ միակ ճանապարհը սողանքի պատճառով փակվել է: Գումարի բացակայությունը պարտապանի մոտ երբևէ ֆորս մաժոր չէ:

Կուրսի փոփոխությունը ավելի գրագետ է դիտարկել հանգամանքների էական փոփոխության կառուցակարգի շրջանակներում: Ի՞նչ է դա. ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467 հոդվածի՝ «Հանգամանքների, որոնցից ելել էին կողմերը պայմանագիրը կնքելիս, էական փոփոխությունը հիմք է պայմանագրի փոփոխման կամ լուծման համար, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ չի բխում դրա էությունից: Հանգամանքների փոփոխությունն էական է համարվում, եթե դրանք այնքան են փոփոխվել, որ եթե կողմերը կարողանային դա ողջամտորեն կանխատեսել, նրանց միջև կկնքվեր էականորեն տարբեր պայմաններով պայմանագիր կամ ընդհանրապես պայմանագիր չէր կնքվի»:

Այսինքն, չի բացառվում, որ վարկառուն այս հոդվածի հիման վրա փորձի պահանջել վարկային պայմանագրի փոփոխություն: Իհարկե, սա բավականին բարդ է հիմնավորել, բայց հաջողության հասնելու պարագայում կարելի է ստեղծել շատ հետաքրքիր նախադեպ:

Պետք է նաև հիշել, որ եթե վարկային պայմանագրում հստակ նշված է, որ փոխարժեքի փոփոխության ռիսկը կրում է վարկառուն, պայմանագրի փոփոխության հնարավորությունը բացառվում է:

Դիտվել է 14687 անգամ
Կիսվել`