Ու՞մ իրավասության ներքո է Գյումրիի ողբերգության քննությունը. Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի իրավապահ մարմինների

Այս հարցն ամենաքննարկվողներից է երեկ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության համատեքստում:

Սկզբնապես այս հարցը կարգավորվել է 1992թ. օգոստոսի 21-ին ՀՀ և ՌԴ միջև ստորագրված` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող` Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին պայմանագրով: Դրա 19-րդ հոդվածի համաձայն` ռուսական զինված ուժերի կազմում ընդգրված անձանց կողմից կատարված հանցագործությունները ենթակա էին ՀՀ իրավապահ մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Բացառություն էին այն դեպքերը, երբ ՌԴ զինված ուժերի ծառայողի կողմից հանցագործությունը կատարվել էր ռուսական զինված ուժերի տեղակայման տարածքում կամ պաշտոնական պարտականությունները կատարելիս, կամ էլ կատարվածը զինվորական հանցագործություն էր: Այդ երեք դեպքերում իրավասու էին ՌԴ իրավապահ մարմինները: Մինչդեռ, ՌԴ զինված ուժերի ծառայողը բոլոր դեպքերում ազատությունից զրկելու հետ կապված իր պատիժը պետք է կրեր Ռուսաստանում` անկախ նրանից` գործը քննել էին Հայաստանի, թե Ռուսաստանի իրավապահ մարմինները:

Իրավիճակը որոշակիորեն փոխվեց այն բանից հետո, երբ 1995թ. մարտի 16-ին ՀՀ և ՌԴ միջև ստորագրվեց Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի մասին պայմանագիրը (այսուհետ` Ռազմական բազայի մասին պայմանագիր): Այս պայմանագրի 2-րդ հոդվածով հատուկ նախատեսվեց, որ Հայաստանի տարածքում գտնվող` ՌԴ զինված ուժերի ռազմական կազմավորումները վերակազմակերպվում են ռազմական բազայի: Հետևաբար, արդեն նոր կազմակերված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ գործում են հենց այս պայմանագրի և դրա հիման վրա կնքված այլ համաձայնագրերի դրույթները, որոնց կանդրադառնանք ստորև:

Ռազմական բազայի մասին պայմանագրի Առաջին արձանագրության 8-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և իրավական փոխօգնության հարցերը կարգավորվում են կողմերի առանձին համաձայնությամբ: 1997թ. օգոստոսի 29-ին ստորագրված` այդ առանձին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին, այսուհետ` Իրավասության մասին համաձայնագիր) 4-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ: Բացառություններ կրկին սահմանված են` 5-րդ հոդվածով, սակայն դրանք վերաբերում են այն դեպքերին, երբ ա) հանցագործությունը կատարվել է ռուսական ռազմաբազայի տեղակայման կետերում, բ) հանցագործությունն ուղղված է Ռուսաստանի Դաշնության կամ ռուսական ռազմաբազայի անձնակազմի ներկայացուցիչների կամ վերջիններիս ընտանիքի անդամների դեմ, գ) կատարվել է զինվորական հանցագործություն: Ակնհայտ է, որ բացառություններից որևէ մեկը Գյումրիի ողբերգության դեպքում առկա չէ:

Ավելին, Իրավասության մասին համաձայնագիրը, ի տարբերություն 1992թ. պայմանագրի, սահմանում է, որ եթե գործը ենթակա է ՀՀ իրավասու մարմինների քննությանը, ապա դատապարտվելու դեպքում հանցագործը պատիժը ևս պետք է կրի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (հոդված 11):

Սակայն այսքանով ամեն ինչ չէ, որ պարզ է դառնում, քանի որ կան նաև հանձնման (էքստրադիցայի) մասին կանոններ: Այսպես, Իրավասության մասին համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է, որ կողմերի իրավասու մարմինները կարող են դիմել միմյանց` քրեական հետապնդումը միմյանց փոխանցելու խնդրանքով: Քրեական հետապնդման կամ դատապարտումից հետո պատժի կրման նպատակով անձանց հանձնումը Հայաստանի և Ռուսաստանի միջև առավել մանրամասն կարգավորվում է Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին 1993թ. հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիայով, որի 56-րդ հոդվածի համաձայն` պայմանավորվող կողմերը պարտավորվում են պահանջի դեպքում միմյանց հանձնել իրենց տարածքում գտնվող անձանց՝ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար: Այստեղ, սակայն, անմիջապես պետք է նշենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքն (հոդված 16) ընդհանրապես չի նախատեսում ՀՀ տարածքում կատարված հանցագործություններով անձանց հանձնում: Թեև ՀՀ քրեական օրենսգրքի և միջազգային պայմանագրի հակասության դեպքում կիրառելի է միջազգային պայմանագիրը, սակայն հենց նույն Մինսկի կոնվենցիան նախատեսում է, որ հանձնումը կարող է մերժվել, եթե հանցագործությունը, որի առիթով հանձնումը պահանջվում է, կատարվել է հարցվող Պայմանավորվող կողմի տարածքում (57-րդ հոդվածի 2-րդ մաս): Այսինքն, նույնիսկ ՌԴ իրավասու մարմինների խնդրանքի դեպքում Հայաստանի Հանրապետությունը բոլոր հիմքերն ունի մերժելու հանձնումը:

Այսպիսով, ամփոփելով, ստանում ենք հետևյալը`
ա) Գյումրիի հանցագործությունը ենթակա է Հայաստանի իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանոններով,
բ) Ռուսաստանյան ռազմաբազայի ծառայողը դատապարտվելու դեպքում պատիժը պետք է կրի Հայաստանում,
գ) ՌԴ իրավասու մարմինները կարող են խնդրել իրենց հանձնել ՌԴ քաղաքացուն` քրեական հետապնդման կամ դատապարտվելու դեպքում պատիժը կրելու համար, սակայն Հայաստանի Հանրապետությունը պարտավոր չէ բավարարել այդ խնդրանքը:

 

Դիտվել է 16801 անգամ
Կիսվել`