Սպանության մեղադրանքով ռուսական դատարանը կարող է արդարացնել

Վերջին օրերին հնչած կարծիքներից, կայացած քննարկումներից հետո հանրության մոտ կարծես կասկած չի մնացել, որ Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը, որի շրջանակներում ՀՀ իրավապահների կողմից մեղադրանք է առաջադրվել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին, վերաբերում է բացառապես ՀՀ իրավազորությանը, ինչն ամրագրված է ՀՀ և ՌԴ միջև 1997թ. օգոստոսի 29-ին ստորագրված համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին) 4-րդ հոդվածով (ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը' ՀՀ օրենսդրության կիրառմամբ):

Միևնույն ժամանակ հայտնի է, որ ՌԴ իրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով(Դասալքություն) և 102-րդ հոդվածի 2-րդ մասի երկու կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն, մեղավորի համար ակնհայտ անօգնական վիճակում գտնվող անձանց նկատմամբ), այնուհետև Պերմյակովը կալանավորվել է ռուսական 5-րդ կայազորային զինվորական դատարանի որոշմամբ:

Սակայն խնդիրն այն է, որ ՌԴ իրավապահներն իրենց ներպետական թե նյութական, թե դատավարական օրենքների համաձայն, իրավասու չեն վարույթ իրականացնելու սպանության դեպքի առթիվ:

Մասնավորապես, ՌԴ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը հատուկ սահմանում է, որ ՌԴ տարածքից դուրս տեղակայված ՌԴ զորամասերի զինծառայողները օտարերկրյա պետության տարածքում կատարված հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն են կրում ՌԴ քրեական օրենսգրքի համաձայն, եթե այլ բան նախատեսված չէ ՌԴ միջազգային պայմանագրով: Ստացվում է' քանի որ ՌԴ միջազգային պայմանագիրը' նշված համաձայնագիրը, այս դեպքի առթիվ առանց բացառության նախատեսում է ՀՀ օրենսդրության կիրառումը, հետևաբար ՌԴ քրեական օրենսգիրքը կիրառելի չի կարող լինել:

ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածը նախատեսում է, որ ՌԴ միջազգային պայմանագրերը քրեական դատավարությունը կարգավորող ՌԴ օրենսդրության բաղկացուցիչ մասն են, և եթե ՌԴ միջազգային պայմանագրով նախատեսված են այլ կանոններ, քան ՌԴ քրեական դատավարության օրենսգրքով, կիրառվում են միջազգային պայմանագրի կանոնները: Նորից, ՀՀ և ՌԴ միջև համաձայնագիրը նախատեսում է ՀՀ օրենսդրության կիրառելիություն, ուստի չի կարող կիրառվել ՌԴ քրեական դատավարության օրենսգիրքը:

Հարց է առաջանում' նյութական և դատավարական իրավունքի ինչ նորմերով են ղեկավարվելու ՌԴ իրավապահ մարմինները սպանության գործը քննելիս:

Իհարկե, դժվար է պատկերացնել, որ նույնիսկ ՌԴ դատարանի կողմից սպանության գործի քննության դեպքում մեղադրյալը կարող է արդարացվել, սակայն ստացվում է, որ դրա իրավական հիմքերն առկա են: Նման աբսուրդային իրավիճակը ոչ այլ ինչ է, քան հայ-ռուսական միջպետական համաձայնությունների խախտման իրավական հետևանք: Սա կարող է լրացուցիչ փաստարկ լինել մեղադրյալին ՀՀ իրավապահներին փոխանցելու պահանջը հիմնավորելու համար:

Դիտվել է 13181 անգամ
Կիսվել`