DDoS հարձակումները և կենդանի իրավունքը

Առաջին հայացքից կարող է անհասկանալի լինել` ինչ կապ ունեն «DdoS հարձակում» և «կենդանի իրավունք» հասկացությունները: Փորձեմ բացատրել.

Մենք բոլորս ձգտում ենք ամրապնդել ժողովրդի դերը պետության շրջանակներում: Սակայն շատ հաճախ հանդիպում ենք դեպքերի, երբ մեր գրված իրավունքները չեն գործում: Ամեն դեպքում պետք է օգտագործել ցանկացած, նույնիսկ փոքր հնարավորթյուն: Ինչ մեխանիզմով` կհարցնեք ինձ: Все по порядку:

«DDoS հարձակում»` այն իրավիճակն է, երբ տվյալ սերվերի վրա բազմաթիվ հարցումներ են գալիս, որի հետևանքով սերվերը, որը նախատեսված չի լինում այդպիսի քանակի հարցումների համար, ուղղակի դադարում է աշխատել (ներողություն կխնդրեմ իմ այն ընթերցողենրից, ովքեր տվյալ ոլորտի մասնագետներն են: Հասկացության լրիվությանը չեմ հավակնում):

Ինչ է «կենդանի իրավունքը»: Դա տվյալ հասարակությունում իրականում գործող իրավական նորմերն են: Գրված իրավունքում կարող են լրիվ ուրիշ կարգավորումներ տրվել, սակայն առավել կարևոր է այդ կարգավորումները իրականում ինչպես են գործում: Բերեմ օրինակ` ՀՀ սահմանադրության 19-րդ հոդվածը պնդում է` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:»

Այս հոդվածում նշված իրավունքներից ոչ բոլորն են իրականում գործում, այսինքն` դրանք կենդանի իրավունքի մաս չեն կազմում: Սակայն ո՞ր իրավունքներն են հստակ գործում:

Այդ իրավունքները քիչ են, սակայն կան: Քանի որ Հայաստանը բավականին բյուրոկրատական պետություն է, այստեղ առավել մեծ դեր են տալիս հանրային կազմակերպությունների ձևական, ոչ թե բովանդակային պարտականությունների իրականացմանը: Այդ ձևական պարտականություններից կուզենայի մեջբերել 2-ը, որոնք հստակ կենդանի գործող իրավունքի մասն են և որոնց կարելի է օգտագործել ժողովրդի դերը ավելի ուժեղացնելու համար.

1. Անձն իրավունք ունի պահանջել, որպեսզի իր գործը քննվի (սակայն իրավունք չունի պահանջել իր գործի արդար քննություն, ցավոք սրտի),

2. Անձն իրավունք ունի ստանալու պատասխան իր հարցմանը (իսկ հարցման օբյեկտիվ պատասխանի իրավունք չունի):

Ահա այստեղ կարելի է կապել «DdoS հարձակում» և «կենդանի իրավունք» հասկացությունները: Եվ այդ կապը կարող է դրսևորվել երկու տեսքով.

1. Բացասական. Այն դեպքում, երբ որևէ հանրային մարմին իր պարտականություններն պատշաճ չի իրականացնում, մեծ թվով քաղաքացիներ, առանձին-առանձին, ամենատարբեր թեմաներով հարցումներ են ներկայացնում այդ մարմնին: Պետական մարմինը հստակ պարտականություն ունի պատասխանել այդ հարցումներին որոշակի ֆիքսված ժաման,ակահատվածի ընթացքում: Այն, որ այդ պարտականությունը իրականացվում է հստակ է: Եթե ներկայացված հարցումների քանակը բավարար լինի, պետական մարմինն ուղղակի կաթվածահար կլինի և մյուս անգամ առավել զգուշորեն կվարվի:

2. Դրական. Նույնը, ուղղակի տվյալ դեպքում ներկայացվում են կոնկրետ նպատակային պահանջներ, որոնց հանրային մարմինը վերջիվերջո տեղի է տալիս:

Գաղափարը կարող է բավականին անլուրջ թվալ, սակայն հավատացնում եմ ձեզ, եթե հավաքվեն բավարար թվով քաղաքացիներ այն կիրականացվի: Առավել կարևորում եմ, որ այդ քաղաքացիների մեջ մեծ թիվ կազմեն իրավաբանները, որոնք կարող են առավել հստակ ձևակերպել իրենց պահանջները:

Շատ կուզենայի լսել ձեր մտքերը, արդյոք կան այլ իրավունքներ, որոնք կենդանի իրավունքի մասն են, և որոնց կարելի է օգտագործել կենդանացնելու համար մեր այլ գրված, բայց չգործող իրավունքները:

Դիտվել է 16490 անգամ
Կիսվել`