Կարգավորող հանձնաժողովի որոշման իրավական վերլուծություն

Էլեկտրոէներգիայի սակագնի թանկացման դեմ տեղի ունեցող ակցիաների շրջանակներում շատ է խոսվում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ նաև'ՀԾԿՀ) համապատասխան որոշումը վիճարկելու կամ կասեցնելու մասին: Դրա հետ կապված ցանկություն առաջացավ կատարել ստորև ներկայացվող վերլուծությունը' իհարկե չհավակնելով վերջնական ճշմարիտ լինելու գաղափարին:

Այդ վերլուծության շրջանակներում հանգել եմ որոշակի եզրակացությունների որոնք կուզենայի ներկայացնել.

1. Առաջնային հարցը, որ պետք է պարզել հետևյալն է' արդյոք ՀԾԿՀ 17.06.2015թ.-ի թիվ 174-N որոշումը (այսուհետ' Որոշում) նորմատիվ է, թե անհատական: Սրանից է կախված հետագա ամբողջ վերլուծությունը: Ոչ իրավաբան ընթերցողների համար ասեմ, որ անհատական է այն իրավական ակտը, որն ուղղված է կոնկրետ որոշակի անձին կամ անձանց, իսկ նորմատիվը' անորոշ թվով անձանց: Կարելի է, իհարկե, բավականին հիմնավորումներ բերել առ այն, որ Որոշումն անհատական իրավական ակտ է, սակայն իմ խորին համոզմամբ այն նորմատիվ բնույթ ունի, զուտ այն պատճառով, որ ազդեցության տեսանկյունից բերում է անորոշ թվով անձանց փաստացի դրության փոփոխության: Այստեղ ավելի մանրամասն վերլուծություն չեմ բերում, անհրաժեշտության դեպքում կտրամադրեմ: Եթե մենք դիտարկում ենք Որոշումն որպես նորմատիվ իրավական ակտ, ապա պետք է կիրառենք «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը:

2. Նորմատիվ իրավական ակտի գործողությունը կարող է կասեցվել այն ընդունած մարմնի կամ դրան վերադաս մարմնի կողմից' հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածը: Այդ հոդվածը, ըստ էության, իրավունք է տալիս ընդունող մարմնին կամ իր վերադասին կասեցնել իր ակտի գործողությունն գրեթե ցանկացած հիմնավորմամբ: Քանի որ ՀԾԿՀ-ն օրենքի տեսանկյունից վերադաս մարմին չունի, Որոշումը կարող է կասեցվել միայն վերջինիս կողմից:

3. Օրենքին հակասելու հիմնավորմամբ Որոշման գրանցումը կարող է կասեցվել նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Մասնավորապես, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասն այդպիսի լիազորություն տալիս է ՀՀ արդարադատության նախարարությանը. եթե վերջինս պարզում է, որ կարգավորող հանձնաժողովների որոշումները չեն համապատասխանում օրենքին, ապա կարող է կասեցնել այդ որոշումների պետական գրանցումը: Իհարկե, սա գործողության կասեցում չէ, բայց կարող է նաև իր ազդեցությամբ համընկնել դրան: Այս նորմին հղում կատարելու համար պետք է հիմնավորել, որ Որոշումը հակասում է որևէ օրենսդրական նորմին: «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը տալիս է կարգավորման հիմնական սկզբունքները, որոնցից մեկն է հանդիսանում «սպառողների և կարգավորվող անձանց շահերի հավասարակշռման սկզբունքը»: Կարելի է պնդել, որ Որոշումը հակասում է օրենքին, քանի որ ակնհայտորեն գերադասում է կարգավորվող անձի շահը սպառողի շահին:

4. Բողոքարկման վերաբերյալ: Ցավոք սրտի, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը ՀԾԿՀ-ի որոշումների դատական բողոքարկման իրավունք տալիս է միայն այդ իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից, իսկ Որոշումն ուժի մեջ է մտնում, ինչպես հայտնի է, 01.08.2015թ.-ին: Այսինքն, այս պահին դեռ Որոշումը դատական կարգով բողոքարկել հնարավոր չէ:

5. Ըստ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի բողոքարկումը չի կասեցնում սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտի գործողությունը: Այնուամենայնիվ, օրենսդրությունը հնարավորություն է տալիս կիրառել հայցի ապահոցման միջոցներ, ասենք' ակտի գործողության կասեցման ձևով (մոտավորապես նույնը, ինչ կատարվեց կուտակային վճարների օրենքի հետ կապված):

Թերևս այսքանով եզրափակվում են բավականին հապճեպ կատարված վերլուծությունները: Իհարկե, դրանք կարող են նաև սխալ լինել, բայց ուրախ կլինեմ, որ սա հանգեցնի թեմայի նաև իրավական քննարկմանը, ինչն, անշուշտ, շատ կարևոր է:

Դիտվել է 11065 անգամ
Կիսվել`