Ոչ աշխատանքային օրերի քանակը հաշվելիս ՀՀ կառավարությունն օգտագործել է օրենքի հին խմբագրությունը

Ավարտվեցին 2018թ.-ի ամանորյա երկար հանգստյան օրերը։ Սա երևի թե վերջին անգամն է լինելու, երբ տոները տևելու են այսքան երկար։ 2017թ.-ի դեկտեմբերի 14-ին կառավարությունը հավանություն տվեց օրենքի փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է ամանորյա տոն օրերը կրճատել երեք օրով։

Որպես դրա հիմնավորում բերվում էր այն փաստը, որ Հայաստանում ընդհանուր վճարվող ոչ աշխատանքային օրերը կազմում են 43 օր, ինչը շատ ավելի է աշխարհի գրեթե բոլոր երկրներից։

Այդ 43 թիվն այնուհետև տարածվեց գրեթե բոլոր լրատվամիջոցներով։ Շատերը շտապեցին հայտարարել, որ մենք հայերս «ծույլ» ազգ ենք, այդ իսկ պատճառով ոչինչ չի ստացվում, իսկ կառավարությունը վերջապես հասկացավ, որ մենք պետք է շատ աշխատենք։

Հասարակ քաղաքացիների կողմից այդ 43 թվի կրկնումը շատ նորմալ է, քանի որ սովորական մարդը երևի թե պետք է վստահի պաշտոնական լրահոսին, առավել ևս, որ այդ թիվը հնչում է այնպիսի բարձր ամբիոնից, ինչպիսին ՀՀ կառավարությունն է։ Այս փաստի ուժով կարելի է նաև վերապահումով վերաբերվել ԶԼՄ-ների կողմից այս թվի կրկնությանը։ Ինձ արդեն չի զարմացնում, որ օրենսդրական հարցերով վերլուծություն կատարող անձինքն չեն բարեհաճում կարդալ սկզբնաղբյուրը, այլ հիմնվում են այլ անձանց ասածների վրա։

Սակայն շատերը նաև հասկացան, որ ինչ որ բան այն չէ։ Աշխատող մարդը հստակ հասկանում է, որ ինքը տարեկան 43 օր չի հանգստանում։

Փորձեցի հասկանալ որն է խնդիրը։ Որոշեցի մեթոդաբանական ճիշտ ուղղություն ընտրել։ Բացեի «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքը։ Այստեղ ոչ աշխատանքային օրերի թիվը 15 է։ Եթե դրան գումարում ես ՀՀ աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածով նախատեսված 20 արձակուրդային օրերը, դառնում է 35 ոչ աշխատանքային օր։ Իսկ եթե հաշվի առնենք, որ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ամեն դեպքում մեկ շաբաթ-կիրակի լինում է, իրական արձակուրդային օրերի թիվը կազմում է 33։

Բայց այս վերլուծությունն ինձ հնարավորություն չտվեց հասկանալ, թե 43 թիվը որտեղից է եկել։ Ուստի ես կատարեցի մեթոդական մյուս քայլը՝ բացեցի օրենքի փոփոխության նախագծի հիմնավորումը։

Հիմնավորման մեջ նշված է՝ «Հայաստանի Հանրաապետությունում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացույցային օր է' այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը։ Սրան գումարենք 15 ոչ աշխատանքային օր' ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան»։

Սա ինձ ուղղակի ապշեցրեց։ Փաստորեն ստացվում է, որ օրենսդրական փոփոխություն կատարելիս ՀՀ կառավարությունում օգտագործել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի մինչև 2010թ.-ը գործող խմբագրությունը։ Բանն այն է, որ այն խմբագրությունը, որը օգտագործվում է նախագծի հիմնավորման մեջ, փոփոխվել է։ Այժմ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ամենամյա արձակուրդի տևողությունը 20 օր է։ Իրականում ցավալի է, որ օրենքի չիմացություն հանդիպում է այսպիսի բարձր մակարդակում։

Արդյունքում ստացվում է, որ մենք ՀՀ քաղաքացիներս իրականում ունենք 33 ոչ աշխատանքային օր տարեկան, քանի որ ինչպես նշեցի դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ամեն դեպքում մեկ շաբաթ-կիրակի լինում է։ 43 թիվն ի հայտ է եկել ՀՀ կառավարության կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի մինչև 2010թ.-ի խմբագրությունն օգտագործելու պատճառով։

Եթե նախագիծն ընդունվի մենք կհանգստանանք 32 օր, ինչն իրականում կլինի ավելի քիչ, քան բազմաթիվ ոչ միայն զարգացած երկրներում առկա օրերից։

Հույս ունեմ, որ ՀՀ ազգային ժողովում կօգտագործեն ՀՀ աշխատանքային օրենսգրքի արդի կամ գոնե 2011թ.-ից հետո հրատարակված օրինակը։

Դիտվել է 11211 անգամ
Կիսվել`