Կասեցնել չի կարելի վերսկսել. ի՞նչ պետք է անի ԴԱՀԿ ծառայությունը վարչդատ օրենսգրքի 83-րդ հոդվածի փոփոխությունից հետո

Անցած տարեվերջին Ազգային ժողովի ընդունած բազմաթիվ օրենքներից մեկը վերաբերում էր վարչական դատավարության օրենսգրքի (ՎԴՕ) 83-րդ հոդվածի փոփոխությանը։ Այդ հոդվածը, հիշեցնեմ, սահմանում է, որ վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե այն բողոքարկվում է վարչական դատարանում վիճարկման հայցով (որոշ բացառություններ, իհարկե, կան)։ Վարչական ակտերի մեծամասնության պարագայում այս կանոնը տրամաբանական է, սակայն դրա գործողությունը տարածվում էր նաև կատարողական վարույթում ընդունված վարչական ակտերի վրա, որոնք ունեն ոչ թե մեկ, այլ առնվազն երկու` հակադիր շահեր ունեցող «շահառու»` պահանջատերը և պարտապանը: Ստացվում էր, որ կատարողական վարույթի կողմերից մեկի ներկայացրած վիճարկման հայցը, կասեցնելով վիճարկվող ակտի գործողությունը, միաժամանակ վնասում էր վարույթի մյուս կողմի շահերը: Արդյունքում, քիչ չէին դեպքերը, երբ կատարողական վարույթի կողմերից մեկը (որպես կանոն' պարտապանը) դատավարական այս նորմն օգտագործում էր հենց միայն կատարողական վարույթը ձգձգելու նպատակով` առանց վիճարկվող վարչական ակտի անվավերությանը հասնելու նպատակի ու հեռանկարի: Բացի պահանջատիրոջ շահերի ոտնահարումից, արդյունքում վարչական դատարանն էլ ողողվում էր «արհեստական» հայցերով ու է՛լ ավելի ծանրաբեռնվում:

Օրենսդիրն ի վերջո գիտակցեց կատարողական վարույթի այս առանձնահատկությունն ու վարչական դատավարության օրենսգրքի ընդունումից չորս տարի անց փոփոխեց քննարկվող դրույթը` բացառությունների ցանկը լրացնելով կատարողական վարույթում կայացված վարչական ակտերով: Ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք, բայց հիմա էլ գործ ենք ունենալու նախկին կարգավորման «կողմնակի հետևանքների» հետ: Շատերի մոտ արդեն ծագում է այն հարցը, թե ինչ պետք է անել այն կատարողական վարույթների հետ, որոնցով հարկադիր կատարողի գործողությունները կասեցվել են ՎԴՕ 83-րդ հոդվածի հիման վրա` մինչև օրենսդրական փոփոխությունը:

Հարցը, իրավունքի տեսության լեզվով ասած, վերաբերում է ժամանակի ընթացքում իրավական նորմերի գործողությանը: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքն, ի տարբերություն դատավարական օրենսգրքերի, այս հարցը կարգավորող կանոն չունի, իսկ դատավարական օրենսգրքերի կանոնները կատարողական վարույթում չեն կարող կիրառվել, քանի որ ՀՀ իրավունքի համակարգում կատարողական վարույթը ոչ թե դատավարության մաս է, այլ վարչական վարույթի տեսակ: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը ևս չունի հարցը լուծող ընդհանուր դրույթ, ուստի պատասխանը գտնելու համար պետք է դիմել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, իսկ ավելի կոնկրետ` վերջինիս 78-րդ հոդվածի օգնությանը: Այդ հոդվածի լույսի ներքո քննարկենք օրենսդրական փոփոխությունից բխող` ԴԱՀԿ ծառայության գործողությունների տեսականորեն հնարավոր տարբերակները.

Տարբերակ 1. Ոչ իրավաչափ ճանաչել մինչև օրենսդրական փոփոխություններն ընդունված ցանկացած որոշում և կատարողական գործողություններ չիրականացնելու (անգործության) ցանկացած դեպք, որոնց հիմքում դրվել են հարկադիր կատարողի վարչական ակտի վիճարկումը դատարանում և ՎԴՕ 83-րդ հոդվածը:

Սա իհարկե սխալ տարբերակ է, քանի որ կնշանակի հետադարձ ուժ տալ օրենսդրական փոփոխությանը` խախտելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասը: Չէ՞ որ մինչև ՎԴՕ 83-րդ հոդվածի փոփոխությունը այդ հոդվածի կիրառմանն ուղղված ցանկացած որոշում (օրինակ` կատարողական վարույթը կամ առանձին կատարողական գործողություններ կասեցնելու) կամ անգործություն (օրինակ` աճուրդ չանցկացնելու) հիմնվել է այդ պահին գործած օրենքի վրա և ըստ այդմ` իրավաչափ է եղել:

Տարբերակ 2. ՎԴՕ 83-րդ հոդվածի նախկին խմբագրության ժամանակ կասեցված կատարողական գործողություններն այսուհետ ևս թողնել կասեցված` մինչև վարչական գործի ըստ էության լուծումը:

Այս տարբերակը նույնպես ճիշտ չէ, քանի որ այդպիսով կստացվի, որ օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո հարկադիր կատարողը, չունենալով որևէ խոչընդոտ, չի իրականացնում իր պարտականությունները` ուղղված հարկադիր կատարմանը: Փորձեմ հիմնավորել. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: Օրինակ` 2017թ. սեպտեմբերին կասեցված կատարողական գործողություններն այսօր` 2018թ. հունվարին շարունակելու հարցը հենց այսօր ծագած հարաբերություն է, ուստի այդ հարցը պետք է լուծել այսօր գործող օրենքի հիման վրա: Հակառակ պնդման դեպքում կստացվի, որ պետք է մի կողմ դնել բոլոր օրենսդրական փոփոխությունները և կատարողական վարույթն իրականացնել ընդհուպ վարույթի հարուցման պահին գործած կանոններով: Այդպիսի մոտեցումն իհարկե ճիշտ չէ, քանի որ կատարողական վարույթը ոչ թե մեկ միասնական իրավահարաբերություն է, այլ բազմաթիվ իրավահարաբերությունների ամբողջություն, ուստի, կիրառելի նորմը գտնելու համար պետք է յուրաքանչյուր դեպքում հստակ որոշել տվյալ իրավահարաբերության ծագման պահը:

Ավելի պարզեցնենք հարցը. հարկադիր կատարողն ունի կատարման ենթակա ակտ, դրա հիման վրա հարուցված կատարողական վարույթ և հարկադիր կատարման միջոցների կիրառման պարտականություն: Այդ պարտականությունը նա չի կատարում (կասեցնում է իր գործողությունները), եթե կան օրենքով սահմանված հիմքեր: Տվյալ դեպքում այդ հիմքը օրենսդրական արգելքն էր: Այժմ այդ արգելքը չկա` կատարողական գործողությունների կասեցման հիմքը վերացել է, ուստի որևէ պատճառ չկա կատարողական գործողությունները չշարունակելու համար:

Հենց վերը նշված փաստարկների ուժով, իմ համոզմամբ, այս իրավիճակում ճիշտ լուծումը հետևյալն է`
Տարբերակ 3. ՎԴՕ 83-րդ հոդվածի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո վերսկսել այդ հիմքով կասեցված կատարողական գործողությունները: Այս լուծումը չի կարող համարվել օրենքի հետադարձ ուժի դրսևորում, քանի որ չի ենթադրում ներկայումս գործող օրենքի կիրառմամբ նախկինում ընդունված որոշումների, կատարված գործողությունների կամ անգործության ճանաչում որպես ոչ իրավաչափ: Այս լուծումը ենթադրում է այսօ՛ր գործող օրենքի կիրառում այսօ՛ր ծագած հարաբերությունների նկատմամբ: Եվ հատկանշական է, որ օրենսդրական նախագծի նախնական տարբերակներից մեկում հենց այս լուծումը հստակ նախատեսված էր անցումային դրույթի տեսքով, բայց ի վերջո օրենքն ընդունվեց առանց անցումային դրույթի:

Ամեն դեպքում, տարբերակներից որն էլ ընտրի ԴԱՀԿ ծառայությունը` դատական վեճերն այս հարցի շուրջ թերևս անխուսափելի են. կատարողական վարույթի կողմերից մեկը ցանկացած պարագայում դժգոհ կլինի լուծումից: Ուստի, թեմայով հետաքրքրվող իրավաբաններն էլ դեռ երկար կարող են շարունակել բանավեճը` այդ թվում դատարանի դահլիճներում:

Դիտվել է 3503 անգամ
Կիսվել`