Բաց նամակ ՀՀ Նախագահին

Մեծարգո պարոն նախագահ
Հայտնում եմ, որ Արդարադատության Խորհրդի 2013 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ դիմել են Ձեզ իմ լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:
Նկատի ունենալով, որ որոշման մեջ իմ կողմից տրված բացատրությունները արտացոլված են մասնավորապես ուղարկում եմ իմ բացատրությունները ամբողջությամբ:

<<Հայտնում եմ, որ հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 3-րդ մասը ներկայացնում եմ գրավոր բացատրություն' իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ։
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը իմ նախագահությամբ 15.08.2012 թվականին թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով կայացրել է վճիռ, որով հայցը բավարարվել է։
Վճիռ կայացնելիս իմ կողմից պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53 հոդվածի պահանջները, այն է' յուրաքանչյուր ապացույց գնահատվել է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Ներքին համոզմամբ, որն ինձ մոտ ձևավորվել էր քաղաքացիական գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությամբ, գնահատականի եմ արժանացրել նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռներով հաստատված հանգամանքները, այդ թվում նաև' իմ նախագահությամբ կայացված գործի վարույթը կարճելու վերաբերյալ վճիռը. դատական ակտը պատշաճ պատճառաբանված է։
Վճիռ կայացնելիս անդրադարձ է կատարվել ինչպես վեճի առարկային, հիմքին, այնպես էլ նույն անձանց միջև վեճի առկայությանը։ Որպես դատական իշխանություն իրականացնող անձ իմ ներքին համոզմամբ գնահատական տալով նշված բոլոր հանգամանքներին հանգել եմ հետևության, որ վեճի հիմքը այլ է. այն տարբերվում է նախկինում քննված քաղաքացիական գործի հիմքից նրանով, որ հայցային պահանջի հիմքում դրված է հայցվոր կողմի ներկայացրած փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև երկու վկաների ցուցմունքներով, որից մեկը հանդիսացել է հանգուցյալ կտակարար' Վարդանուշ Խաչատրյանին բուժող բժիշկը։ Վերոգրյալի հիմնավորմամբ կարևորում եմ, որ վիճարկվող հարցը' միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ խնդիրը վիճահարույց է և ապացույցների, գործի փաստական հանգամանքների գնահատման խնդիր է, հետևաբար' դատավորի առաքելության, գործով նախագահողի որոշման հարցն է։ Եվ բացի այդ եթե հայցադիմումն ընդունելու ժամանակ դատավորի մոտ կասկածներ են առաջանում հայցերի նույնության վերաբերյալ, ապա նա պարտավոր է դիմումը վարույթ ընդունել, որովհետև միայն դատական նիստում հայցն ըստ էության քննելիս է հնարավոր վերջնականորեն լուծել այդ հարցը (տես Ռ.Գ.Պետրոսյան ՀՀ քաղաքացիական դատավարություն 2012թ., էջ 337)։ Տվյալ դեպքում չի հաստատվել հայցերի նույնությունը։
Թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործը' ըստ հայցի Հրանտ Սերյոժայի Գրիգորյանի ընդդեմ Ռիմա Վասակի Գրիգորյանի, Երևանի Էրեբունի նոտարական տարածքի նոտարական գրասենյակի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք' Աղավնի Կուրտիկյանի, Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտարական գրասենյակի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանման' խաբեության ազդեցության տակ, իր գործողությունների իմաստը չհասկացող անձի կողմից կնքված գործարքը' Երևանի Էրեբունու նոտարական գրասենյակում 13.08.2001թ. վավերացված թիվ 1-4829 կտակն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք, նշված կտակի հիման վրա Երևանի 1-ին պետական նոտարական գրասենյակի կողմից 21.03.2002 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 2-1422 վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ակնհայտորեն տարբերվում է թիվ ԵՔԴ/0636/02/08 քաղաքացիական գործից' ըստ հայցի Հրանտ Գրիգորյանի ընդդեմ Ռիմա Գրիգորյանի, Էրեբունու նոտարական տարածքի նոտարական գրասենյակի' կտակը և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Տարբերությունը նախ և առաջ երևում է գործերի պահանջներից (այն է' խաբեության ազդեցության տակ), ինչպես նաև թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործում կան վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք ' Աղավնի Կուրտիկյան, Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտարական գրասենյակ, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանում։
Նման պայմաններում վերադաս դատարանի' վճիռը մասնակի բեկանելու և գործի վարույթը կարճելու վերաբերյալ, որոշումը գործը քննող եռյակի գնահատման հարց է և հիմք չի կարող հանդիսանալ ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար' համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 153 հոդվածի 3-րդ մասի, այն է' դատական ակտը բեկանելը կամ փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ ակտը կայացրած դատավորի պատասխանատվություն։
Գտնում եմ, որ հարուցված կարգապահական վարույթը ենթակա է կարճման հետևյալ նկատառումներով.
Սկսեմ իրավունքի տեսությունից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87 հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն հայցադիմումում պետք է նշված լինեն այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցային պահանջները։ Այդ հանգամանքներն էլ հենց հանդիսանում են հայցի հիմքը (տես Ռ.Գ.Պետրոսյան ՀՀ քաղաքացիական դատավարություն 2012թ., էջ 236)։
Հայցի հիմքում հայցվորը կարող է դնել տարբեր փաստեր, տարբեր հանգամանքներ, սակայն գործը ճիշտ լուծելու համար նշանակություն ունեն միայն այն փաստերն ու հանգամանքները, որոնք իրավական ուժ ունեն, այսինքն' որոնց հետ օրենքը (նյութական իրավունքի նորմը կամ նորմերը) կապում է (են) կողմերի միջև նյութական իրավահարաբերությունների, հետևաբար և' իրավունքների ու պարտականությունների առաջացումը։
Հայցի հիմքը, որպես կանոն, բաղկացած է լինում ոչ թե մեկ, այլ հայցի հիմք կազմող մի քանի փաստերից' փաստերի համակցությունից' այսպես կոչված «փաստական կազմից»։
Դատարան դիմող շահագրգիռ անձը, այսինքն' հայցվորն է որոշում իր կողմից առաջադրվող պահանջի հիմքում ընկած փաստերի շրջանակը (փաստակազմը), բայց, նա, օրենքը չիմանալու և այլ պատճառներով, կարող է փաստակազմի մեջ չմտցնել իրավական արժեք ներկայացնող կամ' մտցնել այդպիսի նշանակություն չունեցող փաստեր։ Բնական է, որ հայցի հիմքը կազմող և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, կողմերի և գործին մասնակցող մյուս անձանց պահանջների ու առարկությունների հիման վրա, ինչպես նաև կիրառման ենթակա նյութական և դատավարության իրավունքի նորմերի պահանջների հաշվառմամբ, վերջնականորեն պետք է որոշի գործը քննող դատարանը։
Հայցի փաստական հիմքից պետք է տարբերել հայցի իրավական հիմքը, այսինքն' այն իրավական նորմը (նորմերը), որը կարգավորում է վիճելի իրավահարաբերությունը։ Կարելի է պաշտպանել միայն այն պահանջը, որը բխում է օրենքից, հենվում է օրենքի վրա։
Գործի վարույթի կարճումը կարող է կատարվել ինչպես գործը դատական քննության նախապատրաստելու (տես Ռ.Պետրոսյան 19-րդ գլուխ 2-րդ պարագրաֆ), այնպես էլ դատական քննության փուլում, նայած թե դատարանը երբ է պարզել գործի վարույթի կարճման հանգեցնող հիմքերի առկայությունը (տես Ռ.Գ.Պետրոսյան ՀՀ քաղաքացիական դատավարություն 2012թ., էջ 384)։
Գործի վարույթը կարճելը հավասարազոր է արդարադատություն իրականացնելը մերժելուն, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդվածը սահմանում է վարույթը կարճելու հիմքերի սպառիչ ցանկ։
Դատական քննության փուլում դատարանը կարճում է գործի վարույթը, եթե՝
1) վեճը ենթակա չէ դատարանում քննության։ Նշված հիմքով վարույթը կարճվում է նաև այն դեպքերում, երբ հայտարարված պահանջը, օրենքի ուղղակի ցուցումով կամ նրա ընդհանուր իմաստից ելնելով, իրավական պաշտպանության ենթակա չէ,
2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ այն դեպքի, երբ հայցվորը հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաստման փուլում,
3) նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռը, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային դատարանի վճռի հարկադիր կատարման համար կատարոդական թերթ տալը մերժելու դեպքի (արբիտրաժային տրիբունալի վճիռը գործի վարույթի կարճման հիմք կարող է ծառայել միայն այն դեպքում, երբ կայացվել է իրեն ենթակա վճռով (տես' Առևտրային արբիտրաժի մասին օրենքի 2 հոդված)),
4) գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը,
5) գործին մասնակցող իրավաբանական անձը լուծարվել է,
6) հայցվորը հրաժարվել է հայցից,
7) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը։
Գործի վարույթի կարճման թվարկված հիմքերը բաժանվում են երեք խմբի. առաջին խմբի մեջ մտնում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդվածի 1-3 կետերով նախատեսված հիմքերը, որոնք վկայում են հայցվորի (դիմողի) մոտ դատարան դիմելու իրավունքի բացակայության, հետևաբար և հայցը (դիմումը) սխալմամբ վարույթ ընդունելու մասին։ Եթե այդ հիմքերը պարզվում են հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու ժամանակ, ապա դատարանը մերժում է դրա ընդունումը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91 հոդված), եթե դատարանը սխալմամբ ընդունել է հայցադիմումը (դիմումը) և այդ հանգամանքները պարզվում են գործը դատական քննության նախապատրաստելու ժամանակ, ապա դատարանը հայցադիմումը (դիմումը) վերադարձնում է (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92 հոդված), իսկ եթե այդ նույն հանգամանքները պարզվում են դատական քննության փուլում, ապա դատարանը, հաստատելով հայցերի նույնությունը, կարճում է գործի վարույթը։
Երկրորդ խմբին պատկանում են դատարանից և գործին մասնակցող անձանցից չկախված պատճառներով վարույթը շարունակելուն արգելք հանդիսացող իրադարձությունները' կողմի մահը կամ իրավաբանական անձի լուծարումը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդված 4 և 5-րդ ենթակետեր)։
Երրորդ խմբի տակ ընկնում են վարույթում կողմերի կատարած տնօրինչական գործողությունները, որոնք հաստատել է դատարանը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդված 6 և 7-րդ ենթակետեր)։
Գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է վճիռ, որով կարող են լուծվել գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման և բյուջեից պետական տուրքի վերադարձման հետ կապված հարցերը։
Այսպիսով, գործի վարույթի կարճումը գործի քննությունն ավարտելու ձև է, որը պայմանավորված է հայցվորի (դիմողի) մոտ դատարան դիմելու իրավունքի բացակայության, կամ, քաղաքացիական գործը հարուցվելուց հետո' վեճը վերանալու հիմքերով և արգելակում (բացառում) է նույնական հայցով կրկին անգամ դատարանին դիմելը։
Գործի վարույթի կարճումն առաջացնում է կարևոր դատավարական և նյու-թաիրավական հետևանք, այն է' նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ գործի նախապատրաստական փուլում հայցից հայցվորի հրաժարվելու հետևանքով գործի վարույթը կարճվելու դեպքի (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110 հոդված)։ Ընդսմին, վերջին բացառությունը նախատեսում է միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքը։ Այն հակասում է ինչպես քաղաքացիական իրավունքի, այնպես էլ' քաղաքացիական դատավարության էությանը։
Միաժամանակ անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է կողմի բողոքը' նոր երևան եկած հանգամանքներով վճիռը վերանայելու վերաբերյալ' նշեմ, որ այդ հանգամանքը հիմք չէ առաջին ատյանի դատարանի համար հայցվոր կողմի կողմից փոփոխված վեճի հիմքով հայցային պահանջը վարույթ ընդունելը մերժելու համար' նկատի ունենալով, որ վեճի հիմքը դա փաստական տվյալներն են, որոնցով հայցվորը հիմնավորում է հայցային պահանջները և որոնց դեմ առարկում է պատասխանողը։
Основание спора-это фактические данные, которыми истец обосновывает свои требование и против которыx возражает ответчик (Комментарий к Гражданско-Процессуальному кодексу Российской Федерации (постатейный) 5-е издание 2010г., стр. 300)։
Հայցի հիմքը դա փաստական հանգամանքներն են, որոնցով հայցվորը հիմնավորել է հայցային պահանջը, իսկ պատասխանողը իր առարկությունների հիմքում ընկած հանգամանքները։ Թիվ ԵՔԴ0636/02/08 քաղաքացիական գործի քննությամբ հայցվորը չի ներկայացրել փորձաքննության եզրակացությունը, իսկ պատասխանողը չի հայտնել իր առարկությունների հիմքում ընկած հանգամանքները, հետևաբար' տվյալ դեպքում հայցի հիմքը տարբերվում է նախկինում քննված գործերով հայցի հիմքերից։
Մինչդեռ, թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով հայցի հիմքը դա նաև փորձաքննության եզրակացությունն էր և 2 վկաների ցուցմունքները. այդ փաստական հանգամանքներով սույն գործը տարբերվում է նախկինում քննված գործերից, ու բացակայում է որն է դատավարական իրավանորմ' արգելող դատավորին ընդունել գործը վարույթ նման պայմաններում։
Միաժամանակ նշեմ, որ դատարանի կողմից ապահովվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով ամրագրված դատարան դիմելու իրավունքը, ընդ որում կողմերից ոչ մեկին կայացված դատական ակտով չի հասցվել որևէ վնաս, ավելին վեճը ստացել է իր վերջաբանը, կողմերի մոտ առկա բոլոր ապացույցների դատական քննության առնելու, ապացույցների գնահատական տալու և դատական ստուգման ենթարկելու միջոցով, ինչով լիովին ապահովվել է օրենսդրորեն ամրագրված անձանց դատական պաշտպանության դիմելու իրավունքը։
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն' յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, իսկ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն' յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն' շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան' Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար։
ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն' յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ' Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն' յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է նաև դատարանի մատչելիության իրավունքի ապահովումը։ Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն սահմանված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այդ իրավունքը ճանաչել է որպես 6-րդ հոդվածի անբաժանելի տարր' գտնելով, որ եթե անձը զրկված է դատարանի մատչելիության իրավունքից, ուրեմն իմաստազուրկ է նաև արդար դատաքննության իրավունքը։ Այսպես' Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ արդարադատության մատչելիության իրավունքը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքների անբաժանելի մասն է։ Ընդ որում, այս եզրակացությունը հիմնված է 6-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության տերմինաբանության վրա, որը մեկնաբանվել է այդ հոդվածի համատեքստում' հաշվի առնելով Կոնվենցիայի նպատակն ու առարկան, ինչպես նաև իրավունքի համընդհանուր սկզբունքները (տե՛ս Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1975թ. փետրվարի 21, գանգատ թիվ 4451/70, կետ 36)։
Էյրին ընդդեմ Իռլանդիայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիան ուղղված է ոչ թե նրան, որ երաշխավորի տեսական կամ պատրանքային իրավունքներ, այլ որ երաշխավորի կենսագործելի ու արդյունավետ իրավունքներ։ Մասնավորապես, դա վերաբերում է դատարանի մատչելիության իրավունքին' հաշվի առնելով այն կարևոր տեղը, որը ժողովրդավարական հասարակությունում ունի արդար դատաքննության իրավունքը (տե՛ս Էյրին ընդդեմ Իռլանդիայի, 1979թ. հոկտեմբերի 9, գանգատ թիվ 6289/73, կետ 24)։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք։ Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է' քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը։ Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից։ Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում։ Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի, թիվ 28249/95, 2001թ. հունիսի 19, կետ 52; Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 29392/95, 2001թ. մայիսի 10, 91-93-րդ կետեր)։
Քաղաքացիական հայցով դատարան դիմելու իրավունքն իրենից ներկայացնում է դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ մասը (տե՛ս Աքսոյն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանի 1996 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռը, կետ 92, «Սուրբ եկեղեցիներն» ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 1994թ. դեկտեմբերի 9-ի վճիռը, կետ 80)։
Հիրշհորն ընդդեմ Ռումինիայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է Պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն։ Այս առումով Պայմանավորվող պետություններն ունեն հայեցողության որոշակի սահման, թեև Կոնվենցիայի պահանջների պահպանման կապակցությամբ վերջնական որոշումը կայացնում է Եվրոպական Դատարանը։ Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված սահմանափակումներն անձին վերապահված դիմելու իրավունքն այնպես չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ խաթարվի իրավունքի բուն էությունը։ Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չի հետապնդում, և եթե գործադրված միջոցի և հետապնդված նպատակի միջև առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս Հիրշհորն ընդդեմ Ռումինիայի, 2007թ. հուլիսի 26, գանգատ թիվ 29294/02, կետ 50)։
Գտնում եմ, որ օրենքի այս կամ այն մեկնաբանության վրա հիմնված դատական ակտի կայացումը չի կարող դիտարկվել որպես արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից թույլ տրված դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում։ Այլապես դրանով կարող է կասկածի տակ դրվել դատական իշխանության հեղինակությունը և դատարանի անկախությունը։
Նշված հարցի վերաբերյալ իր հստակ դիրքորոշումն է արտահայտել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն։ Այսպես, դատավորների անկախության, արդյունավետության և պատասխանատվության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ CM/Rec (2010)12 հանձնարարականի 5-րդ կետի համաձայն' դատավորները պետք է անսահմանափակ հնարավորություն ունենան գործերը լուծելու անկողմնակալ ձևով' օրենքին և փաստերի իրենց մեկնաբանությանը համապատասխան։
Սույն դատական ակտի կայացմամբ չեն սահմանափակվել գործով կողմերի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքները և ազատությունները։
Վերոգրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ կայացված վճիռը չի կարող դիտարկվել որպես արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից թույլ տրված դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում։
Տվյալ գործի քննությամբ իրականացնելով դատական իշխանություն' դատավորի առաքելությամբ գնահատել եմ գործի փաստական հանգամանքները և վճիռ կայացրել հայցը բավարարելու մասին։ Նույնիսկ վերադաս դատարանի կողմից վճռի մասնակի բեկանումը և գործի վարույթի կարճումը հիմք չէ իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։ Անկախության հռչակումից հետո դատական իշխանության առջև դրված էր գերնպատակ կառուցել անկախ դատարան, որի դատավորները համարձակություն ունեն կայացնելու ինքնուրույն իրավական և օրինական ակտեր։ Իրավաբանությունը մաթեմատիկա չէ, որպեսզի ունենա ապացուցումից ազատ աքսիոմաներ։ Երբեմն հնարավոր են կարծիքների բախումներ ու միայն և միայն բազմակարծության պայմաններում է հնարավոր արդար և ազատ դատարանը։ Դատավորի առաքելությունը դատական իշխանություն իրականացնելիս նաև գործի փաստական հանգամանքներին և ապացույցներին գնահատական տալն է, իսկ վերադաս դատարանի կողմից նույն հանգամանքներն այլ կերպ գնահատելը իրենց իրավունքն է և ծառայում է երաշխիք եռաստիճան դատական համակարգում դատական սխալներից խուսափելու համար։
Միաժամանակ նշեմ, որ 22.01.2013 թվականին իմ կողմից գրավոր բացարկ է հայտնվել ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի անդամ պարոն Հ.Փանոսյանին, ով մասնակցել է հունվարի 17-ի որոշմամբ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կազմում իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուն, հետևյալ բովանդակությամբ.
«Հայտնում եմ, որ 2013 թվականի հունվարի 17-ի որոշմամբ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը իմ նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել։ Նշված որոշման ուսումնասիրությունից պարզել եմ, որ անդամներից մեկը Հ.Փանոսյանն է, այն անձը, ով նախորդ Արդարադատության խորհրդի նիստին իմ վերաբերյալ հետևյալ հայտարարությունն է կատարել' մեջբերում. «ցավում եմ, որ Ձեզ պես դատավորներ ունենք (լսել' նիստի արձանագրությունը ԱԽ-14-Ո-18 2012 թվականի հուլիսի 24) …», ինչից ակնհայտ է դառնում, որ վերոնշյալ պարոնը կողմնակալ վերաբերմունք ունի իմ հանդեպ, ավելին համարում է, որ ես պետք է դատավոր չաշխատեմ։ Նման պարագայում կարծում եմ, որ պարոն Փանոսյանի մասնակցությունը իմ վերաբերյալ այս կամ որևէ այլ վարույթով, բացառող հանգամանք է վերջինիս կողմնակալությունը և անհնարինությունը իմ հանդեպ օբյեկտիվ լինելու։ Եթե վերընշված միջադեպից հետո պարոն Փանոսյանն ինքը հրաժարվեր հետագայում իմ նկատմամբ կարգապահական վարույթի մասնակցությունից, իմ գնահատմամբ դա կլիներ ավելի ազնիվ բոլորիս նկատմամբ և չէր ստիպի ինձ բացարկ հայտնելու պարոն Փանոսյանի մասնակցությանը իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին»։
Կարևորում եմ նշված հանգամանքն այն պատճառով, որ եթե եռյակի կազմում (Մ.Մակյան, Հ.Փանոսյան, Ս.Օհանյան) չլիներ իմ հանդեպ սուբյեկտիվորեն տրամադրված Հ.Փանոսյանը գուցե և հարցի քննարկման, ինչպես նաև հետագա քվեարկության ընթացքում կորոշվեր չհարուցել իմ նկատմամբ կարգապահական վարույթ։ Նման դեպքում կարծում եմ, որ որոշումը կայացվել է ոչ պատշաճ կազմով, նկատի ունենալով, որ հանձնաժողովի անդամներից մեկն իր ակնհայտորեն կողմնակալ վերաբերմունքի պատճառով իրավունք չուներ մասնակցելու իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վարույթին։ Հետևաբար, ոչ լեգիտիմ է նաև 17.01.2013 թվականի որոշումը' որպես ոչ պատշաճ կազմով ընդունված ակտ։
Ելնելով վերոգրյալից' խնդրում եմ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին կարճել իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը' դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում կատաելու բացակայության հիմքով>>: 

Ա. ՄԵՐԱՆԳՈՒԼՅԱՆ

 

Կիսվել`