Ուղերձ դատավորներին... հատկապես նորանշանակներին

Հարգելի Դատավոր,

Բոլոր բարեմաղթանքներից, թաքուն ցանկություններից, բարի ու չար նախանձից բացի Ձեզ մի բան եմ ցանկանում ասել: Թե ինչպիսի Դատավոր կլինեք, ցույց կտան ժամանակը, հանգամանքները, Ձեզ շրջապատող միջավայրը և դրանց հարմարվելու Ձեր ճկունությունը: Սպասենք:
Մինչ այդ կցանկանայի, Ձեր Խիղճը չդնեք լուցկու տուփի մեջ և դնեք դարակում, քանի որ ժամանակի ընթացքում դարակների մեջ կավելանան այցեքարտեր, բացիկներ, ծրարներ, և լուցկու տուփը կսկսի տեսադաշտից կորչել… իսկ ժամանակի ընթացքում Դուք էլ կմոռանաք տուփի և դրա պարունակության մասին: Սկզբում այն Ձեզ պետք չի գա, քանի որ կաշկանդված կլինեք շատ բաներով…օրենքով, փորձի պակասով, չսխալվելու վախով: Հավատացնում եմ Ձեզ սկզբում շատ ուշադիր կլինեք այդ տուփին, աչքներդ վրայից չեք կտրի: Դե, կմտածեք, որ շուտով խիղճը տեղը կդնեք, ասեմ ավելին ժամանակ առ ժամանակ կբացեք տուփը ներողություն կխնդրեք ու կփակեք: Բայց այդ հանդիպումները գնալով կնվազեն:
Հետո այն կհայտնվի որտեղ պատահի, կարող է ընկնել սեղանի տակ ու մնալ մի քանի օր…հայտնվել ոտքերի տակ…մի քանի անգամ նույնիսկ ավելի արանքում' աղբամանի մեջ հայտնվելու սպառնալիքի տակ:
Ուշադիր եղեք, մի կորցրեք այդ տուփը, մեկ էլ տեսաք մի օր կորոշեք օգտվել օրենքով ու բարոյականությամբ Ձեզ տրված ամենամեծ լիազորությունից' ներքին համոզմունքից: Նկատել եք, որ կայացված որոշումների մեջ համարյա ներքին համոզմունք չկա…
Հ.Գ.
Նա սկզբից անփութորեն սկսեց ման գալ այն խունացած լուցկու տուփը, որը կարծես թե միշտ սեղանին գցած էր, կամ գոնե ինչ որ գրքերի արանքից միշտ երևում էր: Հետո նկատեց, որ ոչ մի կերպ չի կարողանում գտնել: Ամբողջ սենյակը տակնուվրա արեց, քանդեց վաղուց քսպած դարակները, բայց անօգուտ: Ոչ մի տեղ չկար այդ Տուփը:
Արյունը եռաց, այսքան տարիների ընթացքում առաջին անգամ ինչ որ ցավ զգաց' չհասկացավ հոգում, թե սրտում:
Նստեց, նայեց թղթապանակների կույտին ու սարսափեց: Երևի արդեն հաշիվը կորցրել էր…այս ինչքան ճակատագրեր են գտնին թափված, որոնց հարցը լուծելիս ինքը գեթ մեկ անգամ չի նայել տուփին, չի բացել այն: Ու ՍԱՐՍԱՓԵՑ: …իսկ տուփի մեջ կծկված, աչքերը հազիվ կիսաբաց շնչահեղձ էր լինում Նա, ում այդպես էլ չդիմեցին, իր հոգին էր ավանդում այն փոքրիկ էակը, որից վախենալ է պետք, որին լսել է պետք….

Կիսվել`