www.a1plus.am 366 փաստաբան միացել է բողոքին

Հունիսի 11-ին հայտարարված փաստաբանների գործադուլին այս պահի դրությամբ միացել է 366 փաստաբան:

Նրանք, ի նշան ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից դրսևորվող կամայական գործելակերպի, մեկօրյա գործադուլ են հայտարարել: Այդ օրը գործադուլին միացած փաստաբանները չեն ներկայանալու դատական նիստերին:

Մի խումբ դատավորներ փաստաբանների գործադուլը որակել են «ապօրինի», քանի որ Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, որ արհեստակցական միություն չունեցող կազմակերպությունները գործադուլ կարող են անել աշխատողների առնվազն 2/3-ի պահանջով:

Այս հակափաստարկը Փաստաբանների պալատի անդամ Գևորգ Գյոզալյանը համարում է «իրավաբանորեն անգրագիտություն»:

«Գործադուլ տերմինը մենք պարզապես օգտագործում ենք, որ պարզ լինի, թե ինչ բողոքի ակցիա ենք անում, բայց դա Աշխատանքային օրենսգրքով սահմանված գործադուլը չէ և չի էլ կարող լինել այն պարզ պատճառով, որ Աշխատանքային օրենսգիրքը փաստաբանների վրա չի տարածվում: Փաստաբանները կողմից անցկացվող գործադուլը չի կարող Աշխատանքային օրենսգրքով կարգավորվել, որովհետև փաստաբանները չունեն գործատու»,- պարզաբանում է նա:

Ավելի ուշ մեկ այլ հայտարարություն տարածեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը, որով կոչ էր անում փաստաբաններին «իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելիս առաջնորդվել փաստաբանի առաքելությամբ և չփորձել մերկապարանոց հայտարարություններով և շինծու վարքով ճնշում գործադրել դատական իշխանության վրա»:

Փաստաբանները խոստանում են իրենց փաստական ապացույցները ներկայացնել հունիսի 11-ին հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Մեզ մեղադրում են, որ եռաստիճան դատական համակարգը չենք հասկանում կամ փորձում ենք այդ ամենը կապել անկատար օրենսդրական դաշտի հետ... Մենք որոշումներ ցույց կտանք, փաստեր կներկայացնենք, որ Վճռաբեկ դատարանը որոշումներ կայացնելիս երկակի ստանդարտներ է կիրառում՝ կախված սուբյեկտներից: Պատճառները սուբյեկտիվ են, ոչ թե օբյեկտիվ՝ ինչպես փորձում են իրենք ներկայացնել»,- նշում է փաստաբան Գ. Գյոզալյանը:

Մեկօրյա գործադուլի նպատակն է դատական իշխանության ուշադրությունը հրավիրել գոյություն ունեցող խնդիրների վրա: Փաստաբանները վճռական են տրամադրված՝ նրանց պայքարը շարունակական է լինելու:

ՀԳ. Հիշեցնենք, որ 2011թ. հուլիսի 7-ին ավելի քան 100 փաստաբաններ բողոքի ակցիա էին կազմակերպել Վճռաբեկ դատարանի առջև՝ պահանջելով վերջ դնել վերին ատյանի դատարանի «դաբրոներովե առաջնորդվող «անարդարադատությանը»։

Կիսվել`
Կարդացեք նաև
Ամենադիտված նյութերը