panorama.am Պետք է դիմել կտրուկ միջոցների. Ռուբեն Սահակյանը փաստաբանների այս քայլից օգուտ չի տեսնում

«Վճռաբեկ դատարանի հայտարարությունը իր բովանդակությամբ նման է այդ դատական ակտերին, որոնք դրդեցին փաստաբաններին բողոքի ակցիաներ կազմակերպել: Այդ հայտարարությունը մենք կմեկնաբանենք առաջիկայումե, -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով նախօերին Վճռաբեկ դատարանի տարածած հայտարարությունը, ասաց Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Փաստաբանների պալատի փաստաբաններն ու Վճռաբեկ դատարանը հեռակա հակամարտության մեջ են: 200-ից ավելի փաստաբաններ հայտարարել էին, որ հունիսի 11-ին դիմում են մեկօրյա գործադուլի` «ի նշան Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից դրսևորվող անթույլատրելի գործելակերպի դեմ բացասական մեր վերաբերմունքիե: Այս հայտարարությանը հայտարարությամբ նախօրեին պատասխանեց Դատական դեպարտամենտը և վկայակոչելով դատավորի վարքագծի կանոնները, եվրոպական կոնվեցիայի որոշ դրույթներ ու ԵԽ հանձնարարականներ, նկատել էր. «կոչ ենք անում հայտարարությունը հեղինակած փաստաբաններին բավարարվել օրենքով սահմանված կարգով իրենց դատավարական կարգավիճակից բխող պահանջները քննարկելու և լուծելու օրինական գործընթացով, իրենց մասնագիտական պարտականությունները իրականացնելիս առաջնորդվել փաստաբանի առաքելությամբ և չփորձել մերկապարանոց հայտարարություններով և շինծու վարքագծով ճնշում գործադրել դատական իշխանության վրաե:

ՓՊ նախագահը տեղեկացրեց, որ այժմ Վճռաբեկ դատարանի կողմից թույլ տված խախտումները ուսումնասիրող փաստաբանների հանձնախումբը պատրաստվում է համապատասխան հայտարարությամբ պատասխանել Վճռաբեկ դատարանի երեկվա հայտարարությանը: Սակայն դեռևս հայտնի չէ` դա կարվի մի՞նչև հունիսի 11-ը, թե՞ դրանից առաջ:

Ռուբեն Սահակյանից նաև խնդրեցինք մեկնաբանել` ինչպե՞ս է գնահատում արդարադատության նախկին նախարար, այժմ նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի երեկվա հայտարարությունը, թե փաստաբանները գործադուլ չեն անում, քանի որ աշխատանքային օրենսգիրքը փաստաբանների վրա չի տարածվում, հետևաբար, դա գործադուլ չէ:

«Այնքան հարգանքով եմ լցված այդ անձնավորության հանդեպ, որ նամակը գրել-վերջացրել եմ, բայց չեմ ուզում հանձնել մամուլինե, - ի պատասխան նկատեց Ռուբեն Սահակյանը:

-Ի՞նչպիսի բովանդակությամբ նամակ է, պարոն Սահակյան:

-Որ չի կարելի էլի էդպիսի բան անել:

-Ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերում փաստաբանների այս քայլին

-Ես գտնում եմ, որ սա էլ օգուտ չի տալու: Ես ավելի կտրուկ միջոցների կդիմեի, ես ավելի խիստ միջոցների կողմնակից եմ: Հարկավոր է ընդամենը մեկ գործ վերցնել, որն ավարտվել է դատաքննությամբ: Այդ գործի վերաբերյալ քննարկմանը հրավիրել բոլոր նրանց, ովքեր առնչություն են ունեցել և խարազանել, հարցնել` դատավոր X ինչո՞ւ ես մարդկանց զրկել պաշտպան ունենալու իրավունքից, ունեի՞ր այդ իրավունքը: Եթե կասի այո, ճիպոտել, եթե կասի` ոչ, էլի ճիպոտել: Օրինակի համար եմ ասում` ճիպոտել: Հետո անցնել մյուս դատարանին` Վերաքննիչին, հետո Վճռաբեկին: Այ, այս օրերին Եվրոպական դատարանը Արարատ Մուրադխանյանի գործով վճիռ կայացրեց: Հարկավոր է հարց տալ Մկրտումյան Արմանին (Վճռաբեկ դատարանի նախագահն է-հեղ.)` ինչո՞ւ մեր կառավարությունը պետք է վճարի 6000 եվրո ձեր թույլ տված սխալների համար, իսկ դուք 2 մլն-ից ավելի աշխատավարձ ստանաք ամեն ամիս և թույլ տաք նման խախտումներ: Ինչո՞ւ:

-Հնարավո՞ր է, որ այս միջոցից հետո ձեր մատնանշած կտրուկ միջոցների դիմեն փաստաբանները

-Ես համենայն դեպս խնդրել եմ փաստաբաններին, և իրենք ինձ հետ համաձայնել են, ես էլ ասել եմ Պալատը միջոցներ կտրամադրի, որպեսզի նման քննարկումներ կազմակերպվեն: Այս պահին իմ սեղանի վրա դրված է մի փաստաբանի մասնակցությամբ դատական ակտ` Վերաքննիչ դատարանի որոշումն է գործը երրորդ անգամ նոր քննության վերադարձնելու մասին: Արմավիրի մարզի դատարանի մասին է խոսքը: 3 դատավոր մի անձի կալանավորելուց հետո 3 անգամ դատավճիռ են կայացրել. այդ մարդը 2010-ի հունվարի 18-ից կալանքի տակ է եղել մինչև 2012թ. Մայիսի 25-ը: Վճռաբեկ դատարանի գործելակերպի պատճառով են դատավորներն անկաշկանդ կայացնում ապօրինի դատական ակտեր: Ինչո՞ւ եք մեր հասարակության ներկայացուցիչներին կալանավորում առանց բավարար հիմքերի, ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել:

Կիսվել`
Կարդացեք նաև