Հանրային քննարկման է ներկայացվել տիրապետման ինստիտուտի փոփոխությունների նախագիծը

ՀՀ արդարադատության նախարարության կայքում ներկայացվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի այս նախագիծը կյանքի է կոչում ՀՀ կառավարության 2015թ. հունվարի 15-ի N 111-Ն որոշման հավելված N 1-ի թիվ 104 կետը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործող իրավակարգավորմամբ տիրապետման իրավունքի հասկացությունը, ինչպես նաև այս իրավունքին առնչվող որոշ այլ իրավակարգավորումներ բացակայում են, մինչդեռ օրենսգրքի որոշ դրույթներ (օրինակ՝ ձեռքբերման վաղեմություն, վինդիկացիոն հայց, բարեխիղճ տիրապետողի պաշտպանություն և այլն) ուղղակիորեն ուղղված են այս իրավունքի իրացմանը:

Այսպիսով, օրենքի այս նախագծով առաջարկվում է նախ և առաջ սահմանել տիրապետման իրավունքի հասկացությունը: Տիրապետումը գույքի գտնվելն է սեփականատիրոջ տնտեսությունում, նրա փաստացի տնտեսական իշխանության ներքո: Ըստ օրենքի նախագծի՝ տիրապետումը ձեռք է բերվում իրի նկատմամբ փաստացի իշխանություն ստանալով: Միևնույն ժամանակ նախագծով ամրագրվել է, որ եթե անձը որևէ իրի նկատմամբ փաստացի իշխանությունն իրականացնում է մեկ այլ անձի փոխարեն, որի հետ գտնվում է այնպիսի հարաբերության մեջ, որն իրեն իրավունք է ընձեռում հրահանգներ տալու այդ իրի վերաբերյալ, ապա տիրապետող է համարվում հրահանգներ տալու իրավունք ունեցող անձը: Եթե անձը իրը տիրապետում է որպես իրեն պատկանող, այսինքն՝ որպես տվյալ իրի սեփականատեր, ապա նա սեփականատիրոջ իրավունքով տիրապետող է։ Իսկ եթե անձը իրը տիրապետում է գիտակցելով, որ այն այլ անձի է պատկանում, ապա նա այլ անձի իրը տիրապետող է:

Օրենքի նախագծով նաև սահմանվել են տիրապետման իրավունքի դադարման հիմքերը: Այսպես, տիրապետումը դադարում է, եթե տիրապետողը հրաժարվում է իրից կամ որևէ այլ եղանակով կորցնում է այդ իրի նկատմամբ փաստացի իշխանությունը: Սակայն, եթե օրինական տիրապետողը ժամանակավորապես փաստացի չի իրականացնում իրի նկատմամբ իր իշխանությունը, ապա դա դեռևս հիմք չէ տիրապետումը դադարեցված համարելու համար:

Նախագծով կանոնակարգվում է նաև շարժական իրի բարեխիղճ ձեռք բերման ինստիտուտը, որը ներկայումս բացակայում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում։ Ըստ այդմ ամրագրվել է, որ եթե շարժական իրը հատուցմամբ ձեռք է բերվել բարեխիղճ ձեռք բերողը, այսինքն, այն անձը, ով տվյալ իրը ձեռք է բերել այդ իրն oտարելու իրավունք չունեցող անձից, որի մաuին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ, ապա բարեխիղճ ձեռք բերողը շարժական իրի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ իրը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ իրի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով՝ անկախ նրանց կամքից: Իսկ դրամական միջոցները և ըստ ներկայացնողի արժեթղթերը սեփականության իրավունքով անցնում են բարեխիղճ ձեռք բերողին տիրապետման փաստի ուժով:

Օրենքի նախագծով նաև առաջարկվում է օրենսգրքով ամրագրել շարժական իրի սեփականատեր լինելու կանխավարկածը: Ըստ նախագծի՝ շարժական իրի տիրապետողը համարվում է դրա սեփականատերը, բացառությամբ այն դեպքերի, երբ շարժական իրի նկատմամբ իրավունքը ենթակա է գրանցման: Իսկ սեփականության իրավունքի կանխավարկածը չի գործի, երբ իրը կորցնի uեփականատերը կամ այն անձը, ում այդ իրի uեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվի մեկից կամ մյուuից, կամ նրանց տիրապետումից դուրu գա այլ ճանապարհով' անկախ նրանց կամքից, բացառությամբ դրամական միջոցների և ըստ ներկայացնողի արժեթղթերի:

Նախագծի կարևոր դրույթներից են նաև ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի սեփականատեր դառնալը կարգավորող նորմերի փոփոխությունները: Ի տարբերություն գործող իրավակարգավորման՝ նախագիծը ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ իրի սեփականատեր դառնալու պարտադիր պայման է համարում նաև տասը տարի անընդմեջ այդ իրի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման առկայությունը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ամրագրել, որ անձը ձեռք է բերում սեփականության իրավունք, եթե անձի սեփականության իրավունքը հողամասի կամ այլ անշարժ իրի նկատմամբ ստացել է պետական գրանցում և գրանցումը գոյություն է ունեցել տասը տարի անընդմեջ՝ թեև իրականում այդ անձն իրավունքի պետական գրանցման ժամանակ չէր կարող այդ հողամասի կամ այլ անշարժ իրի սեփականատերը լինել, քանի որ իրականում սեփականության իրավունքը ձեռք չէր բերել:

Նախագծի իրավակարգավորումը նախատեսում է նաև բացառություն. այն է՝ սեփականության իրավունքը չի կարող ձեռք բերվել, եթե անձն իմացել է կամ կարող էր իմանալ, որ սեփականության իրավունքը նրան չէր կարող փոխանցվել կամ գրանցումն օրենքին համապատասխան առոչինչ է: Հավելենք նաև, որ ըստ նախագծի՝ սեփականության իրավունքի գրանցման պահին բարեխիղճ գործած անձը բարեխիղճ է համարվում նաև տիրապետման ողջ ժամանակահատվածում, քանի դեռ հակառակն ապացուցված չէ:

Կիսվել`
Կարդացեք նաև