ՀՀ Նախագահի ելույթը Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան իր նստավայրում հյուրընկալել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ:

«Հարգելի՛ գործընկերներ,
Դեկտեմբերի 6-ից հետո մենք ամենատարբեր ձևաչափերով բազմիցս խոսել ենք Սահմանադրական բարեփոխումները կյանքի կոչելու գործընթացի ուղղությունների, ժամանակացույցի և անհրաժեշտ հետևողականության մասին: Կարծում եմ՝ արդեն կարող ենք բարձրաձայնել, որ մեր երկրում ողջ թափով սկսվել է նոր քաղաքական համակարգի ձևավորման, նոր քաղաքական մշակույթի արմատավորման գործընթացը:

Վստահ եմ, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա առավել բաց, ճկուն և ներքուստ բարդ: Այն կհամապատասխանի մեր հասարակության դինամիկ և բազմակողմանի զարգացող սոցիալական կառուցվածքին: Կարձագանքի ազատ, ապահովված, քննադատական մտածելակերպ ունեցող մարդկանց քաղաքական մշակույթին: Ինչպես շատ ժողովրդավարական պետություններում, քաղաքական պայքարի առաջնորդողները կլինեն կուսակցությունները: Կուսակցությունները և նրանց կոալիցիաները կկազմեն գործադիր մարմիններ, կառաջարկեն թեկնածություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնների համար: Նրանք կունենան քաղաքական մրցակցության տևական փորձ, պատասխանատու և իմաստալից փոխներգործություն ընտրողների հետ, միջկուսակցական համագործակցություն և սուր սոցիալական խնդիրների համար փոխզիջումային լուծումների տարբերակների որոնման գործելաոճ:

Սահմանադրական փոփոխությունները հերթական՝ այս կամ այն կառույցի կողմից պարտադրված կամ որևէ կառույցի անդամագրվելով պայմանավորված կամ էլ ինչ-որ մասնավոր հարցեր լուծելուն միտված փոփոխություններ չեն: Դրանք մեր առջև ծառացած մարտահրավերներ են, մեր քաղաքական կյանքը, մեր իրականության խնդիրները հաշվի առնող ու դրանց հաղթահարելուն ուղղված միջոց են: Ես համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում Սահմանադրությունը դառնալու է ազգային համաձայնության փաստաթուղթ:

Մենք իսկապես ապրում ենք յուրահատուկ ժամանակաշրջանում: Ունենք հնարավորություն կառուցելու նոր, ազատ և ուժեղ Հայաստան: Սահմանադրության փոփոխություններն իսկապես տալիս են այդ հնարավորությունը, և դա մենք պետք է օգտագործենք լիարժեքորեն»,- ասաց նախագահը:

Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ նշելով, որ այն պատասխանատու, սակայն մարտահրավերներով լի առաքելություն է ստանձնել՝ ապահովելով պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հրապարակայնությունը, ինչպես նաև նրանց գործունեության թափանցիկությունը: Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումը, կարծում է, նոր լիցք կհաղորդի այս հանձնաժողովի գործունեությանը:

Նախագահը ելույթում նշած գաղափարները կենսագործելու համար լավ ընտրական օրենսգիրք ունենալը բավարար չի համարում. «Անհրաժեշտ է անցկացնել առավելագույնս ազատ, արդար ու վստահելի ընտրություններ: Ընտրական նոր համակարգը պետք է պատրաստ լինի տեղայնացնել սահմանադրական ամրագրում ստացած այնպիսի նորարարությունները, ինչպիսիք են լրիվ համամասնական ընտրակարգը, կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը, Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին տեղեր հատկացնելը և այլն:

Խիստ կարևոր է գիտակցել, որ նոր օրենսդրության և նոր ընտրությունների գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունում կառավարման համակարգի կայունության ապահովումն է: Այդ պատճառով անհրաժեշտ է ունենալ Ազգային ժողովի այնպիսի ընտրակարգ, որը կերաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Միաժամանակ այն պետք է ապահովի նաև քաղաքական փոքրամասնության այնպիսի ներկայացվածություն, որը հնարավորություն կտա լիարժեքորեն իրականացնել խորհրդարանական փոքրամասնությանը վերապահված լիազորությունները:

Տեղեկացնեմ, որ մենք արդեն սերտորեն աշխատում ենք ընտրական գործընթացներում մասնագիտացած հեղինակավոր միջազգային կառույցների հետ Հայաստանում քվեարկության ժամանակակից մեխանիզմների ներդրման ուղղությամբ:

Երբ մենք առաջարկում էինք սահմանադրական փոփոխություններ, ելնում էինք այն համոզմունքից, որ նոր տարբերակն ավելի ժողովրդավարական է և ընդլայնում է Հայաստանի քաղաքացիների ազատությունների, հետևաբար և հնարավորությունների շրջանակը: Մենք այսօր նույն համոզմանն ենք: Ուրեմն, եկեք դա ապացուցենք գործով, իրական քայլերով: Ուրեմն եկեք կյանքի կոչենք մեր Սահմանադրությունը»,- եզրափակեց ՀՀ Նախագահը:

Նախագահի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:

Կիսվել`
Կարդացեք նաև