Հաստատվել է Սահմանադրության փոփոխությունների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը

Մարտի 10-ին ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը (ցանկը՝ կից փաստաթղթում):

Ըստ հիմնավորման՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 16-րդ գլխում կոնկրետ ժամկետների մատնանշմամբ հստակ պահանջ է սահմանված օրենսդրական դաշտը ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցնելու համար:

Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածով նախատեսված են Ընտրական օրենսգրքի, Ազգային ժողովի կանոնակարգի, Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի, Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի, Տեղական ինքնակառավարման մասին օրենքի, Դատախազության, Հեռուստատեսության և ռադիոյի, Հաշվեքննիչ պալատի և Կենտրոնական բանկի մասին օրենքների` Սահմանադրությանը համապատասխանեցնելու և ուժի մեջ մտնելու ժամկետները: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այլ սահմանադրական օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի ՆՀ-170-Ա հրամանագրով հաստատվել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով (այսուհետ՝ Սահմանադրության փոփոխություններ) անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը։ Նույն հրամանագրի 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա անհրաժեշտ է հաստատել Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` մշակվել է «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

Նախագծով ակնկալվում է համակարգել և մեկ միասնական ցանկում ամբողջականացնել բոլոր այն օրենքները, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթներից` դրանով իսկ ապահովելով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրությամբ նախատեսված համալիր լուծումների իմպլեմենտացումը ՀՀ օրենսդրության մեջ:

 

Կից փաստաթուղթ

Այս նյութին կա կցված փաստաթուղթ
Կիսվել`
Կարդացեք նաև