Կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հարցազրույց ի.գ.թ. փաստաբան Արսեն Թավադյանի հետ

ՀՀ ազգային ժողովը 12.05.2016թ.-ի նիստի ժամանակ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որով պարտադիր սոցիալական վճարի ներդրումը հետաձգվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը: Դա որոշակիոերն ակտիվացրեց կենսաթոշակային համակարգի բարեփոխումների վերաբերյալ քննարկումները: Դրա հետ մեկտեղ բարեփոխումների և՛ քննադատությունը, և՛ աջակցումը շարունակում է դիտարկվել հիմնականում կուտակային համակարգի վերլուծության շրջանակներում, սակայն առավել հազվագյուտ են ամբողջ կենսաթոշակային համակարգի զարգացման վերաբերյալ վերլուծությունները:

Կենսաթոշակային համակարգի վերաբերյալ տեղի ունեցող փոփոխությունների և բարեփոխումների կոնցեպցիայի մասին legalportal.am-ը զրուցել է իրավաբանական գիտութունների թեկնածու, փաստաբան Արսեն Թավադյանի հետ:

- Բարև Ձեզ պարոն Թավադյան: Վերջին մի քանի տարում Հայաստանում ամենամեծ աղմուկ հանած գործընթացներից մեկը կենսաթոշակային բարեփոխումներն են: Բնակչության շրջանում այս կուտակային բարեփոխումները հանդիպում են բավականին զգալի դժգոհությունների: Այնուամենայնիվ և´ կուտակային համակարգի ներդրման կողմնակիցները, և´ դեմ հանդես եկողները պնդում են, որ Հայաստանում անհրաժեշտ են կենսաթողաշակային բարեփոխումներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:

- Շնորհակալություն: Նախ կուզեմ նշել, որ այն համակարգը, որն այսօր փորձում է ներդնել կառավարությունը նոր չէ Հայաստանի համար: Մինչև այս կուտակային բարեփոխումները, բոլոր աշխատողները կատարում էին երկու տեսակի պետական հատկացում՝ եկամտահարկ և սոցիալական ապահովության վճարներ: Եվ սկզբնական տրամաբանությունն այն էր, որ սոցիալական ապահովության վճարները գնալու են հատուկ ֆոնդ, և այն աշխատողները որոնք կատարել են ավելի մեծ քանակով վճարումներ, ավելի մեծ կենսաթոշակ կստանան:

Այնուհետև, ինչ-ինչ պատճառներից ելնելով այդ ֆոնդը վերակզմակերպվեց և սոցիալական ապահովության հիմնադրամ կատարվելիք հատկացումները սկսեցին գնալ ՀՀ պետական բյուջե:

Արդյունքում, այդ սոցիալական ապահովության վճարումների սկզբնական տրամաբանությունը ամբողջությամբ վերացավ, և դրանք, փաստացի, եկամտահարկից սկսեցին տարբերվել զուտ իրենց անվամբ: Եվ ի՞նչ արեց մեր կառավարությունը: Վերջինս բոլորին հայտարարեց, որ միևնույն է սոցիալական ապահովության վճարները գնում են բյուջե, և դա զուտ հանգեցնում է գործատուների համար լրացուցիչ թղթաբանության, ու եկամտահարկը և սոցիալական ապահովության վճարը, որն արդեն կորցրել էին իրենց սզկբնական նշանակությունը, միավորվեց նոր հարկատեսակի՝ եկամտային հարկի մեջ:

Սակայն բնակչությանը կենսաթոշակով ապահովելու նպատակը մնաց: Արդյունքում կառավարությունն որոշեց վերադառնալ նախկին կենսաթոշակային ֆոնդի տրամաբանությանը, իհարկե մասնավոր կառավարչի տեսքով: Արդյունքում ստացվեց, որ կառավարությունն այս ամբողջ գործընթացքով ոչ թե ինչ որ նոր բան ստեղծեց, այլ փաստացի ավելացրեց աշխատողների հարկային բեռը:

- Իսկ այս պահին առկա՞ է կենսաթոշակային համակարգը բարեփոխելու անհրաժեշտություն:

- Իհարկե այդպիսի անհրաժեշտություն առկա է: Ինչպես է աշխատել կենսաթոշակային համակարգը նախկինում. մինչև քսաներորդ դարի վերջը ամեն նոր սերունդ ավելի մեծաքանակ էր, հետևաբար՝ ավելի շատ աշխատող հարկատու էր տալիս, քան նախկին սերունդը: Այժմ իրավիճակը փոխվել է՝ նախկին սերունդն ավելի մեծաքանակ է, քան նոր եկողը: Դրա հետ մեկտեղ կյանքի միջին տևողութունն ավելանում է: Արդյունքում, ապագայում թոշակի անցած մարդկանց կարիքները ապահովելու համար հնարավոր է պետությունը զուտ ռեսուրս չունենա:

- Կարծու՞մ եք, որ ՀՀ կառավարության կատարած բարեփոխումները արդյունավետ են:

- Խնդիրն այն, որ մեր կառավարությունն ինչպես տվյալ այնպես էլ շատ ու շատ ոլորտներում, չի հրապարակայնացնում իր հեռանկարային քաղաքականությունը, իր կոնցեպցիան և տեսլականը: Այս առումով շատ բարդ է հասկանալ՝ իրականում կառավարության քայլերը արդյունավետ կլինեն թե չէ: Միայն մեկ օրենք վերլուծության ենթարկելով՝ հնարավոր չի հասկանալ պետության քաղաքականության արդյունավետությունը: Կենսաթոշակային համակարն նրանցից է, որ պահանջում է երկարաժամկետ հստակ քաղաքականության մշակում՝ իր սկզբունքներով և ժամանակացույցով: Այս ոլորտը չի հանդուրժում կտրուկ քայլեր, քանի որ դա կարող է հանգեցնել սոցիալական դժգոհությունների: Այս առումով ես կհորդորեի կառավարությանը հրապարակել տվյալ ոլորտում իր կոնցեպցիան, որը կներառի կենսաթոշակային բարեփոխումների ինչպես սկզբունքները, այնպես էլ բարեփոխումների կատարման ժամանակացույցը:

- Ըստ ձեզ ի՞նչ սկզբունքների վրա պետք է կառուցվի այդ կոնցեպցիան:

Առաջին հերթին քաղաքացիների եկամուտներից փաստացի պահումները չպետք է ավելանան: Եթե կառավարությունը ցանկանում է բարեփոխումներ կատարել կենսաթոշակային համակարգում, պետք է դա կատարի ոչ ի հաշիվ արդեն իսկ կատարվող պահումների ավելացման: Արդեն նշեցի, որ նախկինում սոցիալական ապահովության վճարները նույնպես նույն տրամաբանությունն ունեին, ինչ այժմ կուտակային վճարը: Սակայն դրանք սկսեցին ուղղվել պետական բյուջե: Կարծում եմ՝ կառավարությունը պետք է փորձի առավել արդյունավետացնել բյուջետային ծախսերը, ոչ թե ուռճացված ծախսերը սպասարկելու բեռը դնի քաղաքացիների վրա: Սա ոչ միայն սոցիալական խնդիր է լուծում, այլև կարող է նպաստել ՀՀ-ում ներդրումների խթանմանը: Գաղտնիք չէ, որ ինչքան շատ են հարկերը, այնքան ավելի է նվազում տվյալ երկրի գրավիչ լինելը: Ցավոք սրտի, կառավարությունը ավելացնելով աշխատողների եկամուտներից փաստացի պահումները, ի նկատի չի ունեցել, որ դա լրացուցիչ կնվազեցնի մեր երկրում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող անձանց քանակը:

Երկրորդ, կենսաթոշակային համակարգը պետք է կառուցվի կամավորության և երկընտրելիության սկզբունքների վրա: Տեսեք, այժմ ըստ օրենքի առկա է կենսաթոշակի երկու տեսակ՝ պետական կենսաթոշակը, որի համար քաղաքացին «վճարում է» եկամտային հարկ և կուտակային կենսաթոշակ, որի համար վճարվում է սոցիալական վճար: Ապագայում, եթե նշված համակարգը պահպանվի, կենսաթոշակի անցնող անձը կստանա և՛ պետական կենսաթոշակ, և՛ կուտակային կենսաթոշակ: Կարծում եմ, օրենքում պետք է հստակ ամրագրվի քաղաքացու իրավունքը ընտրություն կատարելու այս երկու տեսակի կենսաթոշակների միջև. եթե քաղաքացին ցանկանում է ապագայում ստանալ պետական կենսաթոշակ, ինքը չի վճարելու կուտակային վճար, եթե ցանկանում է ստանալ կուտակային կենսաթոշակ վճարելու է կուտակային վճար, որը նվազեցվելու է եկամտային հարկից: Այսինքն, քաղաքացին կստանա միայն մեկ տեսակի կենսաթոշակ: Արդյունքում քաղաքացուց պահումները չեն ավելանա, և կլուծվի ապագայում նրան կենսաթոշակով ապահովելու հարցը: Իհարկե, օրենքով պետք է նախատեսվեն կուտակային վճար կատարող անձանց համար երաշխիքներ՝ ֆոնդի պարտականությունների կատարման անհնարինության դեպքերի համար: Բացի այդ, կարծում եմ՝ պետք է կուտակային համակարգի մասնակիցներին առնվազն տաս տարին մեկ հնարավորություն տալ ուղղել կուտակված գումարների մի մասը, ասենք հիփոթեքային վարկի մարմանը:

Երրորդ, պետք է անձին շահագրգռել չանցնել թոշակի: Ինչ է սա նշանակում: Կենսաթոշակային խնդրի բավականին հեշտ լուծում կա՝ դա թոշակային տարիքի բարձրացումն է, ինչը բավականին ցավոտ միջոց է, և պետք է այն կիրառել միայն ծայրահեղ դեպքերում: Ընդհակառակը՝ պետք է անձին տնտեսական մեխանիզմներով շահագրգռել չանցնել թոշակի՝ տալով որոշակի հարկային արտոնություններ: Օրինակ՝ թոշակային տարիքը լրանալուց հետո հինգ տարի շարունակ եկամտային հարկի տաս տոկոսի չափով նվազեցում, հետագայում աշխատելու դեպքում՝ ամբողջությամբ ազատելով եկամտային հարկից:

Բացի այդ, պետք է հիշել, որ թոշակային տարիքի սահմանման նպատակը ոչ միայն ծերերի իրավունքների պաշտպանությունն է, այլև երիտասարդների համար աշխատատեղերի ազատումն է, ինչը շատ կարևոր է նաև մեր նման՝ աշխատանքի տեղավորման հետ կապված խնդիրենր ունեցող երկրների համար: Դրա հետ մեկտեղ, Հայաստանում այժմ հնարավոր է ստանալ և՛ կենսաթոշակ, և՛ շարունակել աշխատել, ինչը հակասում է թոշակային համակարգի ամբողջ տրամաբանությանը: Կարծում եմ՝ պետք է անձին հնարավորություն տալ ընտրել՝ կամ շարունակում ես աշխատել կամ ստանում ես կենսաթոշակ, իհարկե՝ ընդունելով վերոնշված հարկային արտոնությունները այն դեպքում երբ անձը կշարունակի աշխատել:

Կիսվել`
Կարդացեք նաև