Փոփոխություն՝ մինչև 16 տարեկան երեխաներին տրամադրվող բիոմետրիկ անձնագրերի վավերականության ժամկետի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մաին» ՀՀ օրենքում կատարվել է ևս մեկ փոփոխություն, որը վերաբերում է մինչև 16 տարեկան երեխաներին տրամադրվող բիոմետրիկ անձնագրերի վավերականության ժամկետին: Փոփոխությունն ուժի մեջ է մտնելու 2016 թվականի օգոստոսի 6-ին:

Փոփոխությունը մեկնաբանել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Մինչ փոփոխությունը սահմանված էր դրույթ, համաձայն որի մինչև 16 տարեկան երեխաներին բիոմետրիկ անձնագիր տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով:

Փոփոխության համաձայն մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվելու է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը:

Նշված հանգամանքով պայմանավորված շրջանառության մեջ է դրվել նաև ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով մինչև 16 տարեկան երեխաներին տրամադրվող անձնագրերի վավերականության ժամկետի համար սահմանվելու է նույն ռեժիմը:

Որոշումն ընդունվելու դեպքում լրացուցիչ կտարածվի իրազեկում»:

Կիսվել`