Լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող ևս երկու ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով' լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված անաչառ, լրիվ և բազմակողմանի նախաքննության ընթացքում ոստիկանության ևս երկու ծառայողների՝ ոստիկանության կապիտան Տ. Հ.-ի և նրա ծառայակցի՝ Ն. Պ.-ի, նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:

Վերջիններս կասկածվում են 2015 թվականի հունիսի 23-ին իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեջ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը որոշում է կայացրել՝ ոստիկանության կապիտան Տ. Հ.-ի և նրա ծառայակից Ն. Պ.-ի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում նախորդ օրը ՀՀ ոստիկանության աշխատակիցներ՝ ոստիկանության փոխգնդապետ Գ. Դ.-ի և վերջինիս ծառայակցի՝ Ա. Դ.-ի, նկատմամբ ևս քրեական հետապնդում էր հարուցվել: ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը որոշում էր կայացրել՝ վերջիններիս պաշտոնավարությունը նույնպես ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Քրեական գործի շրջանակներում իրականացվող քննչական և դատավարական գործողությունների արդյունքում կայացված որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՔԾ մամուլի ծառայություն

Կիսվել`