«Որոշ հակակոռուպցիոն մարմինների համար նախատեսված չեն գործառույթային և ինստիտուցիանալ անկախության բավականաչափ երաշխիքներ»

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վարչապետի հանձնարարականով այսօր մանրամասներ է ներկայացրել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերում քննարկված բազմաթիվ հարցերի և տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ:

«Սույն թվականի հունիսի 15-ին և հունիսի 17-ին կայացած ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերի արդյունքում տրված հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով կատարվել են մի շարք աշխատանքներ, ընդ որում՝ աշխատանքներին ներգրավվել են մի շարք պետական մարմիններ, միջազգային կազմակերպություններ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Մասնավորապես' ի կատարումն կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործման վերաբերյալ հանձնարարականի՝ պետք է նշել, որ աշխարհում կիրառվող կոռուպցիայի դեմ պայքարի մոդելներն ուղղակիորեն կախվածության մեջ են դրվում կոռուպցիայի դեմ պայքար մղող մարմինների գործառույթների բաշխվածությունից: Միջազգային փորձը վկայում է, որ այդ մարմինները իրականացնում են երեք հիմանական գործառույթ՝ կրթական, կանխարգելիչ կամ քննչական(իրավապահ): Կանխարգելիչ գործառույթի մեջ ընդգրկվում է գույքի հայտարարագրումը, հակակոռպցիոն համակարգման խորհուրդների կամ նպատակային կանխարգելիչ մարմինների միջոցով հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակումը, իրականացումը, մոնիտորինգը և այլն: Կրթական գործառույթի մեջ մտնում է, որպես վերջնական նպատակ, հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է կրթական ծրագրեր ու մեթոդներ մշակելու և հաստատելու, դրանք նախադպրոցական և դպրոցական հաստատություններում ներդնելու, հանրային ծառայողների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման, բուհերում համապատասխան մարմիններ ստեղծելու միջոցով:
Քննչական ֆունկցիան, թերևս, ամենապարզ բացահայտվողն է, այն է՝ կոռուպցիոն հանցագործությունների քննությունը:

Հարկ է նշել, որ աշխարհի մի շարք երկրներում բոլոր երեք ֆունկցիաներն իրականացնում է մեկ մարմին և այդ մարմինը կոչվում է ունիվերսալ մարմին, ինչը, ըստ էության, բազմաֆունկցիոնալ մոդելն է։ Այս առումով հետաքրքրական է Ուրկրաինայի փորձը, որում, թեև առկա է ապակենտրոնացված մոդելը, սակայն ներկայումս որդեգրվել է դեպի ունիվերսալ մոդելին անցում կատարելու մոտեցումը: Ունիվերսալ մոդելը նախատեսված է նաև Հոնկոնգում, Սինգապուրում, Լիտվայում, Լատվիայում և այլն:

Երկորդ մոդելը, որը ես կանվանեի ապակենտրոնացված մոդել, իր մեջ ներառում է երկու մոդելներ: Ընդ որում, կանխարգելիչ և կրթական ֆունկցիաները իրականացնում է մեկ մարմին, իսկ քննչական ֆունկցիաները իրականացնում է մեկ այլ մարմին: Հարկ է նշել, որ երկու մոդելների դեպքում անչափ կարևորվում է, որ քննչական գործառույթի իրականացումը համապատասխան մարմնի համար պետք է լինի հիմնական գործառույթ, ոչ թե նման մարմինը, ի թիվս այլ խնդիրների, պետք է իրականացնի կոռուպցիոն հանցագործությունների քննությունը:

Ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում գործում է կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված համակարգը, որտեղ կանխարգելիչ, կրթական և քննչական գործառույթների իրականացումը վերապահված է տարբեր պետական մարմինների, մասնավորապես՝ կանխարգելիչ և կրթական գործառույթի իրականացումը հիմնականում վերապահված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, իսկ կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնում է հատուկ քննչական ծառայությունը:

Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետությունում առկա մոդելը մեր կարծիքով ունի որոշակի թերություններ, դրանք են՝ ինստիտուցիանալ և գործառույթային անկախության բացակայությունը: Հակակոռուպցիոն մարմինների գործունեության իրավական հիմքը շատ դեպքերում ենթաօրենսդրական է, որոշ հակակոռուպցիոն մարմինների, օրինակ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքը չի կրում մշտական բնույթ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի համար նախատեսված չեն գործառույթային և ինստիտուցիանալ անկախության բավականաչափ երաշխիքները: Հաշվի առնելով առկա խնդիրները՝ կարծում ենք, որ առկա է անհրաժեշտություն ունիվերսալ մոդելի ներդրման կամ ապակենտրոնացված մոդելի արմատական վերանայման համար: Միջազգային փորձը վկայում է, որ այս երկու մոդելներն էլ գործում են հավասարապես, և նաև որևէ առավելություն չի տրվում այս կամ այն մոդելին: Ներկայումս մենք իրականացնում են լայնածավալ աշխատանքներ միջազգային փորձի ուսումնասիրության, երկու մոդելների առանձնահատկությունների վերհանման, դրանց թե ՛ դրական, թե′ բացասական կողմերի, մոդելներից յուրաքանչյուրի ընտրության դեպքում կատարվելիք ինստիտուցիոնալ և օրենսդրական քայլերի մշակման ուղղությամբ:

Ձեր հանձնարարականի դեպքում, պարո՛ն վարչապետ, մենք կարճ ժամանակ անց կամփոփենք մեր աշխատանքները և Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կներկայացնենք հավասարաչափ գործուն մոդելներ»,- ասել է Արդարդատության նախարարը:

 

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Կիսվել`