Ապօրինի հարստացման փաթեթը բավարար չէ բոլոր խնդիրները կարգավորելու համար. արդարադատության նախարար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վարչապետի հանձնարարականով մանրամասներ է ներկայացրել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերում քննարկված բազմաթիվ հարցերի և տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ: Հանձնարարականներից մեկն էլ, որը բարձրացվել է նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում, վերաբերում է իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրման հարցին:

«Մեր կատարած ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ աշխարհն այսօր շարժվում է իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրման ուղղությամբ: Այսպես՝ իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված նշանակալի քայլ կատարեց Եվրոպական միությունը. Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական խորհրդը 2015 թվականի մայիսի 20-ին ընդունեցին Եվրոպական միության Փողերի լվացման դեմ 4-րդ՝ 2015/849 թվակիր դիրեկտիվը, որի համաձայն Եվրոպական միության բոլոր անդամ երկրները պարտավոր են ստանալ և պահպանել իրենց տարածքում գրանցված ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ համաչափ, հստակ և թարմ տեղեկատվություն։ Անդամ երկրները նաև պարտավոր են ապահովել իրական սեփականատերերի գրանցման կենտրոնական ռեգիստրի առկայությունը։

Այս պարտավորությունների կատարման վերջնաժամկետ է նախատեսված 2017 թվականի հունիս ամիսը։ Բացի դրանից, ներկայումս իրական սեփականատերերի գրանցման հանրային գրանցամատյաններ են ստեղծվել Մեծ Բրիտանիայում, Սլովակիայում, Դանիայում, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև Նորվեգիայում: Սակայն պետք է փաստել, որ աշխարհում այսօր չկա հաջողված ու կիրառված այնպիսի վերջնական փորձ, որը ապացուցել է իր կենսունակությունը, որի բոլոր թերությունները, սկզբունքները հաշվի են առնվել և որը կարելի է միանգամից ներդնել ՀՀ-ում: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք կատարել առաջին փոքր, սակայն կարևոր քայլերն այս ուղղությամբ: Մենք որոշել ենք սկսել մեր համար կարևորագույն ոլորտներից մեկից, այն է' պետական գնումների ոլորտից։

Խոսքը վերաբերում է հետևյալին. այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են մասնակցել պետական գնումների գործընթացին պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին: Ընդ որում բացահայտումը պետք է իրականացվի ֆիզիկական անձանց մակարդակով, ոչ թե միայն համապատասխան բաժնեմաս ունեցող ընկերությունների մակարդակով: Իրական սեփականատեր ասելով՝ հասկանում ենք այն անձանց, ովքեր ընկերությունում ուղղակի կամ անուղղակի կերպով ունեն 10 տոկոս բաժնեմաս, կամ իրավունք ունեն նշանակել կամ ազատել իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամներին, կամ ստանում են իրավաբանական անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության արդյունքում ստացված շահույթի տասնհինգ տոկոսից ավելին, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը և անդամները։

Ընդ որում, շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ անձը ոչ միայն պետք է հայտարարություն ներկայացնի, թե ովքեր են իր իրական սեփականատերերը, այլ նաև պետք է ներկայացնի իրավական ուժ ունեցող փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն իր կողմից արված հայտարարությունները: Բնականաբար խախտման համար պետք է նախատեսվի պատասխանատվություն:

Հաջորդ հանձնարարականը վերաբերում է ապօրինի հարստացմանը: Խոսքը վերաբերում է նրան, որ եթե պաշտոնատար անձը ունի գույքի և եկամուտների զգալի աճ և չի կարողանում հիմնավորել, թե որտեղից է գույքի կամ եկամուտի զգալի աճը և դա անհամադրելի է իր օրինական եկամտի հետ, ապա իրավասու մարմինները կարող են պահանջել հիմնավորել անհամապատասխանությունը եկամուտների և գույքի աճի և իր օրինական եկամուտի միջև: Եթե պաշտոնատար անձը չի կարողանում հիմնավորել այս անհամապատասխանությունը, ապա այս դեպքում վրա է հասնում պատասխանատվություն: Իհարկե, այս տեսանկունից պետք է նշել, որ նման մոտեցումը անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ որոշակի խնդիրներ կարող է ունենալ, սակայն մենք ուսումնասիրել ենք հարցը, բազմաթիվ քննարկումներ են եղել ոլորտի մասնագետների հետ։ Մեր դիրքորոշումը այն է, որ այստեղ չկա անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ խնդիր, այլ պարզապես օրենքով անձի վրա դրվում է պարտականություն հիմնավորել իր ծախսերի կամ գույքի զգալի աճի և դրանց և իր օրինական եկամուտների միջև անհամամասնության առկայությունը: Եթե ներկայացվում է պատշաճ հիմնավորում, ապա որևէ խնդիր բնականաբար չի ծագում, եթե ոչ՝ վրա է հասնում պատասխանատվություն: Սակայն մենք կարծում ենք, որ ինքնին ապօրինի հարստացման փաթեթը բավարար չէ բոլոր խնդիրները կարգավորելու համար և անհրաժեշտ է նախատեսել այլ կարգավորումներ ևս: Հենց սրան է ուղղված մեր կողմից առաջարկվող հաջորդ փաթեթը: Նույն ապօրինի հարստացման գործերի դեպքում անձինք կարող են կնքել շինծու փոխառության գործարքներ և դրանով օրինականացնել իրենց ապօրինի եկամուտները կամ գույքը: Այս առումով, կարծում ենք, գործուն երաշխիք կլինի կանխիկ գործառնությունների սահմանափակման հետ կապված օրենսդրական փաթեթը։

Մասնավորապես՝ պետք է արգելվեն որոշակի գումարից բարձր փոխառությունների կանխիկ կատարումը՝ դրանք կատարելով բացառապես բանկային փոխանցումների միջոցով, բացի դրանից որոշակի գումարից բարձր անշարժ գույքի գործարքները նույնպես պետք է կատարվեն բացառապես բանկային փոխանցումների միջոցով։ Կարծում եմ, այս և մի շարք այլ քայլերը, օրինակ՝ ներկայումս ուսումնասիրում ենք նաև միջազգային փորձը պաշտոնյաների արտասահմանյան հաշիվներ ունենալու կամ չունենալու կամ դրանք հայտարարագրելու վերաբերյալ, թույլ կտան առավել արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ»,- նշել է արդարադատության նախարարը:

Կիսվել`
Ամենադիտված նյութերը