Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանն այսօր ընթերցեց 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճիռը։

Դատարանը հանցավոր ճանաչեց Պերմյակովին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց սպանություն), 5-րդ (սպանություն առանձին դաժանությամբ), 8-րդ կետերով (սպանություն շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը) և որոշում կայացրեց նրան դատապարտել ցմահ ազատազրկման։

Կիսվել`