«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամները ցուցաբերվող բժշկական օգնությունից բողոքներ չունեն. ՀՀ ԱՆ ՔԿՎ

Զինված խմբի որոշ անդամների փաստաբանների կողմից այսօր կրկին հասարակությանը մոլորության մեջ գցելու հերթական փորձն է արվել:

Հանրությանը ցանկանում ենք տեղեկացնել, որ խմբի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող անդամներին իբր անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու մասին վերջիններիս փաստաբանների «ահազանգերի» և Զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներն այսօր այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող վերոնշյալ կալանավորված անձանց, տեղում ծանոթացել իրավիճակին և իրազեկվել, որ վերջիններս քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից ցուցաբերվող բժշկական օգնությունից և խնամքից բողոքներ չունեն:

Ինչ վերաբերում է նրան, որ այս օրերին հաճախ է շահարկվում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հովհաննես Հարությունյանին բժշկական պատշաճ օգնություն և խնամք չցուցաբերելու, կամ, ինչպես նրա փաստաբանների ու այլ անձանց կողմից շեշտվում է, նրան այս կերպ խոշտանգումների ենթարկելու հարցը, ապա այլևայլ անհիմն ապատեղեկատվությունից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը հայտնում է հետևյալը: 27.07.2016 – 23.08.2016թթ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու պահից առ այսօր, Հովհաննես Հարությունյանը ենթարկվել է տարատեսակ բժշկական հետազոտությունների և զննությունների, այդ թվում' որովայնի և կոնքի սոնոգրաֆիկ և աջ ստորին վերջույթի ռենտգեն հետազոտությունների, ուրոլոգի և նյարդավիրաբույժի խորհրդատվությունների:

Բացի վերոբերյալից՝ հանվել է հիվանդի կմախքային ձգումը և դրվել է գիպսային վիրակապ: Ի լրումն՝ յուրաքանչյուր 2-րդ օրը հիվանդը զննվում է «Էրեբունի» ԲԿ-ի վնասվածքաբանների կողմից: Հարկ է նշել, որ բոլոր հետազոտությունների և զննությունների մասին գրառումները առկա են նրա հիվանդության պատմագրում: Հավելենք նաև, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանը անհրաժեշտության դեպքում ստացել և ստանում է ցավազրկող դեղամիջոցներ, հակաբիոտիկներ, պարբերաբար կատարվում են վերքերի մշակումներ, ժամանակին փոխվում են վիրակապերը: Ներկայումս «Էրեբունի» ԲԿ-ի վնասվածքաբանների հետ քննարկվում է ինչպես Հ. Հարությունյանի, այնպես էլ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող խմբի մյուս անդամների վիրահատման ծավալների և ժամկետների հարցը:

Հավելենք, որ այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվում և բուժում են ստանում այլ կալանավորված անձինք և դատապարտյալներ, որոնք նույնպես խնամքի և բազմապրոֆիլ բուժման կարիք ունեն, ինչը և ապահովվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի արհեստավարժ և փորձառու բուժանձնակազմի կողմից: Եվս մեկ անգամ շահագրգիռ անձանց կոչ ենք անում զերծ մնալ թեմայի՝ տարբեր նպատակներով անհարկի շահարկումներից:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

 

Կիսվել`
Ամենադիտված նյութերը