ՀՀ-ն պետք է փաստեր այն պատճառները, որոնց արդյունքում հանցագործությունը հնարավոր դարձավ. փաստաբանը՝ Պերմյակովի դատավճռի մասին

«Վալերի Պերմյակովը պետք է մեղավոր ճանաչվեր. ապացույցները բավարար էին և ակնհայտ»,- այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Այս դատավարության հիմնական նպատակը պետք է լիներ այն, որ հետագայում նմանատիպ հանցագործությունները բացառվեին: Հատկապես այս գործի քննության ընթացքում պարզ դարձավ, թե ինչպես են զինվորներն ընտրվում և տեղափոխվում Հայաստան: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ՀՀ-ն կարծես աքսորավայր լինի ռուս զինվորների համար: ՀՀ են տեղափոխվում նրանք, ովքեր ՌԴ-ում խնդիր են ունեցել, վատ զինվորականներ են եղել»:

Փաստաբանը շեշտեց՝ Ավետիսյանների սպանությունը եղավ, որովհետև Պերմյակովն ուներ առողջական լուրջ խնդիրներ, 8 անգամ դասալքություն էր կատարել, բազմիցս տարբեր հոգեբուժական բաժանմունքներում բուժում էր ստացել, և Ռուսաստանում նրան արգելել էին զենք կրել: Բժիշկը գտել էր, որ նրա համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի: Բայց, չգիտես ինչու, Հայաստանում նրան տրամադրել էին զենք:

Ըստ Լուսինե Սահակյանի՝ դատավորը շատ զգուշավոր է ՌԴ-ի դեմ կայացվելիք որոշումներում. «Նա որևէ անդրադարձ չի կատարի, թե ինչու ռուս պաշտոնյաները, որոնք զորակոչել էին Պերմյակովին, զենք էին տրամադրել, պատասխանատվության չենթարկվեցին: ՀՀ-ն չէր կարող նրանց դատել, դա պետք է ՌԴ-ն աներ, բայց կարճեց այս գործը»,- ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն պետք է փաստեր այն պատճառները, որոնց արդյունքում այս հանցագործությունը հնարավոր դարձավ:

Կիսվել`
Ամենադիտված նյութերը