Փարիզի փաստաբանների պալատի անդամ Սևակ Թորոսյանը կներկայացնի «Քաղաքական նշանակություն ունեցող դատավարությունների ժամանակ փաստաբանների դերը» թեման

Հարգելի` փաստաբաններ,

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը օգոստոսի 30-ին, ժամը 14:00-ին հրավիրում է մասնակցելու Փարիզի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Սևակ Թորոսյանի «Քաղաքական նշանակություն ունեցող դատավարությունների ժամանակ փաստաբանի դերը» թեմայով դասախոսություն-քննարկմանը:
Նշված քննարկմանը մասնակցությունը յուրաքանչյուր փաստաբանի համար կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 ակադեմիական ժամ:
Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել info@advocates.am էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը (որևէ դասընթացի հետաձգման կամ տեղի չունենալու դեպքում ՀՀ փաստաբանների պալատը կծանուցի միայն նախապես գրանցված փաստաբաններին):

Սևակ Թորոսյանի աշխատանքային գործունեության համառոտագիր

Քրեական գործերով զբաղվող փաստաբան Սևակ Թորոսյանն աշխարհի 650 փաստաբաններից մեկն է, ով իրավասու է հանդես գալ Միջազգային քրեական դատարանում:
Ի դեպ, նա առաջինն էր, ով 2013թ. ստեղծեց «Քաղաքական քրեական իրավունք» հայեցակարգը: Այն նոր ուղղություն էր, որն այդուհետ ուսուցանվում է համալսարանում: Այսօր Սևակ Թորոսյանը պաշտպանում է ֆրանսիայի Ժողովրդավարական անկախ միություն խմբավորման անդամ, պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի շահերը, որի դեմ գործը բացվել էր Ադրբեջանական Հանրապետության կողմից ներկայացված հայցի հիման վրա:
Հարցը վերաբերում է Ռոշբլուանի այն հայտարարությանը, թե այդ երկիրը «ահաբեկչի վարք է դրսևորում»: Այն որակվել էր որպես զրպարտություն և ստանձնելով պատգամավորի պաշտպանությունը՝ հայ փաստաբանը ձեռնամուխ է եղել անդրադառնալու օտար երկրների կողմից Ֆրանսիայում հարուցված քրեական հայցերի բուն թեմային, որը վերաբերում է զրպարտությանը:

Նրա ջանքերի շնորհիվ 2014թ. դադարեցվեց Maif-ի արհմիութենականների նկատմամբ դատական հետապնդումը:

Նույն հաջողությունը ունեցավ նաև «Գալերի Լաֆայետի» աշխատակիցներից մեկի գործը պաշտպանելիս, ում աշխատանքից հեռացրել էին թոշակի անցնելուց մեկ տարի առաջ՝ աղբանոցից իրեր գողանալու համար:

Սևակ Թորոսյանը պաշտպանում էր նաև գնդապետ Ալեքսիս Արիֆի՝ SDIS14 գործը: Գործի քննարկումները տեղի են ունեցել Փարիզի 11-րդ ուղղիչ պալատում, որտեղ քննարկվում են Ֆրանսիայի ամենաաղմկահարույց քաղաքական-ֆինանսական գործերը:

Պաշտպանելով Պաղեստինի նախկին նախարար Մոհամադ Դահլանի իրավունքները, ով ձգտում էր Մահմուդ Աբբասից հետո կառավարել երկիրը, սակայն դարձել էր Էմիրություններ արտաքսված պատգամավոր, 2015թ. ապրիլին Ռամալլահի հակակոռուպցիոն դատարանի կողմից ձեռք բերեց պատմական նշանակության դատավճիռ: Այդ դատավճիռը դարձավ պաղեստինյան արդարադատության անկախության խորհրդանիշը՝ հակադրելով այն ամենազոր գործադիրի ջանքերին:

Այս տարվա հուլիսի 6–ին նա Կուաշի գործի շրջանակում ստանձնել է լրագրող Ժան-Պոլ Նեյի գործի պաշտպանությունը, որն ուղարկվել է Փարիզի ուղղիչ դատարանի 17-րդ պալատի կողմից: Լրագրողը 2015թ. հունվարի 7-ին Charlie Hebdo-ում ահաբեկչության հենց նույն օրը տարածել էր այն իրականացնողների ինքնությունները, մինչդեռ ոստիկանությունը ահաբեկիչների ակտիվ որոնումների մեջ էր:

ՀՀ փաստաբանների պալատի
աշխատակազմ

Կիսվել`