Մեղադրանքներ են առաջադրվել՝ Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում երկու անձանց ևս մեղադրանքներ են առաջադրվել:

Քաղաքացիներ Ա. Տ.-ին և Ֆ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Վերջիններիս նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց:

Հիշեցնենք, որ նույն քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն 6 անձանց տարբեր մեղադրանքներ են առաջադրվել առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Կիսվել`