Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով 63 անձ ճանաչվել է տուժող

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի մասին:

Նախաքննության ներկա փուլում իրականացվում է քրեական գործով ապացույցների հավաքման, ստուգման և գնահատման գործընթացը: Նախաքննական մարմնի կողմից քրեական գործով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական, դատակենսաբանական:

Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետևանքով ենթադրաբար տուժել են 99 քաղաքացիներ, որոնցից 23-ը՝ լրագրողներ:

2016 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ՝ հիշյալ քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել են 74 քաղաքացիներ, 63-ը ճանաչվել են տուժող, իսկ 11 անձինք հարցաքննվել են որպես վկա: Մնացած 25 անձանց հայտնաբերելու համար հետաքննության մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Հարցաքննվել են նաև զանգվածային տարբեր լրատվամիջոցների 23 լրագրողներից 21-ը: Նրանցից 19-ը ճանաչվել են տուժող, 2-ը հարցաքննվել են որպես վկա, իսկ 2-ը հրաժարվել են ներկայանալ վարույթն իրականացնող մարմին:

Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ 47 անձինք ստացել են բեկորային վնասվածքներ, 36-ը' ենթարկվել են ֆիզիկական բռնության, 5-ի մոտ հայտնաբերվել են այրվածքներ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում հնարավոր է եղել պարզել վնասված կամ հափշտակված լրագրողական տեխնիկայի նախնական ցանկը: Մասնավորապես՝ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած անձանց գործողությունների պատճառով կորել կամ վնասվել են՝ 6 «Սոնի» մոդելի տեսախցիկներ, 2 «Քենոն» մոդելի տեսախցիկներ, 1 «Քենոն» մոդելի ֆոտոխցիկ, 1 «Պանասոնիկ» մոդելի տեսախցիկ, 2 լուսարձակներ, 1 բջջային հեռախոսի շտատիվ, 1 ականջակալ, 1 բջջային հեռախոսի պահեստային մարտկոց, 1 «Այֆոն 5Ս» բջջային հեռախոսի լիցքավորման սարք, ինչպես նաև լրագրող Մարութ Վանյանի անձնագիրը:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական լայնածավալ գործողությունների արդյունքում առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար նախաքննության այս փուլում քրեական հետապնդում է իրականացվում արդեն 6 անձանց նկատմամբ: Նրանցից 4-ին մեղադրանք է առաջադրվել խմբով խուլիգանություն կատարելու և լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ 2 անձանց մեղադրանք է առաջադրվել լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Վերջիններիս նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց:

Քրեական գործերի շրջանակներում շարունակվում են ուսումնասիրվել նաև զանգվածային լրատվության միջոցներով տարածված՝ հիշյալ դեպքերին առնչվող բոլոր տեսաձայնագրություններն ու հրապարակումները, բոլոր դրվագներով տարվում է լրիվ և բազմակողմանի քննություն:

Բացի այդ, ոստիկանության աշխատակիցների կողմից հատուկ միջոցների տարբեր տեսակների կիրառման անհրաժեշտությունը, հիմքերը և պայմանները պարզելու ուղղությամբ ևս իրականացվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հիշյալ քրեական գործով իրականացվում են օրենքով նախատեսված անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ՝ առերևույթ հանցագործություններ կատարած, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Քրեական գործի շրջանակներում իրականացվող քննչական և դատավարական գործողությունների արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասված է ՀՔԾ տարածած հաղորդագրությունում:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Կիսվել`