Հայտնի դատավարություններ. “տաճարականների գործը”

1307թ. Ֆրանսիայի տարածքում խմորումներ էին տեղի ունենում: Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկ թագավորը հրամայել էր ձերբակալել տաճարականների օրդենի բոլոր ասպետներին:

Տաճարական-ասպետի վահանը

 

Տաճարականների օրդենը ստեղծվել է Սուրբ Երկրում 1119թ.: Հենց օրդենի անվանումը պետք է հիշեցներ Սողոմոնի տաճարի մասին, որն ավիրվել էր դեռ հին ժամանակներում: Բնականաբար, կրոնական գիտակցությունը Սողոմոնի տաճարը համարում էր Հին Կտակարանի խորհրդանիշը` Երկնային Երուսաղեմի պատկերով, որտեղ պետք է ստեղծվեր “նոր” Տաճարը: Այսպիսով, տաճարականների գործունեության սիմվոլիկ հագեցվածությունը չափազանց հարուստ էր, և պետք է խոստովանել, որ նրանք ամբողջովին արդարացնում էին իրենց հետ կապվող հույսերը:

Ալ-Աքսա մզկիթը Երուսաղեմում: Ավելի վաղ այդ տեղում գտնվել է տաճարականների նստավայրը

 

Սակայն տաճարականները փառավորվել են ոչ միայն Տիրոջ Սուրբ գերեզմանի համար մղվող մարտերում: Իր գոյության հենց ամենասկզբից օրդենը պատասխանատու էր խաչակրաց արշավանքների ֆինանսական բաղադրիչի համար: Դա նպաստեց տաճարականների ֆինանսական բարեկեցության արագընթաց աճին: Հռոմի պապի թույլտվությամբ տաճարականներն ստացան մեծ արտոնություններ ֆինանսական գործառնություններ իրականացնելու հարցում: Այսպես, միջնադարում վաշխառությունն ու վարկ տալը համարվում էին անթույլատրելի, քանի որ, Եկեղեցու Հայրերի խոսքով, տոկոսով գումար տալը համարվում էր ժամանակի վաճառք, իսկ ժամանակը կարող է վաճառել միայն Աստված: Սակայն, քանի որ տաճարականները եկեղեցական օրդեն էին, այդ սահմանափակումը նրանց վրա չէր տարածվում: Ավելին, տաճարականներն առաջինը սկսեցին օգտագործել չեկերը և չեկային գրքույկները, առաջիններից մեկը սկսեցին կիրառել կրկնակի հաշվապահություն:

Ժակ դը Մոլե` տաճարականների օրդենի վերջին մագիստրը

 

Արդեն 13-րդ դարից սկսած, օրդենը լայնորեն տարածվեց Եվրոպայում` մոռացնել տալով իր սկզբնական գործառույթները: 1291 թվականից հետո, երբ ընկավ Սուրբ Երկրում խաչակիրների վերջին հենակետը` Ակրա ամրոցը, տաճարակններն իրենց ռազմական բազան տեղափոխեցին Կիպրոս, թեև նրանք արդեն վաղուց վերածվել էին ֆինանսիստների` Ֆրանսիայում գտնվող նստավայրով: Այն բանից հետո, երբ Ֆրանսիայում գահ բարձրացավ Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկը, նրա և օրդենի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին: Պետական գանձարանը միշտ աչքի էր ընկնում դրամական միջոցների անբավարարությամբ, այդ պատճառով թագավորը նախ որոշեց ուղղակի առճակատման գնալ Պապի հետ, իսկ այն բանից հետո, երբ տապալվեց Բոնիֆացիոս 8-րդը, թագավորը հասավ նրան, որ նոր Պապ ընտրվեց ֆրանսիացի Ռայմոն Բերտրան դը Գոն, որը ստացավ Կլիմենտ 5-րդ անունը:

Կլիմենտ 5-րդ

 

Ֆիլիպ 4-րդը վաղուց էր աչք դրել տաճարականների հսկայական հարստության վրա, այդ պատճառով նա որոշեց օգտագործել հարմար ժամանակը և օրդենից ստանալ հնարավորինս շատ դրամական միջոցներ: 1307թ. սեպտեմբերի 22-ին Թագավորական խորհուրդը հրամայեց ձերբակալել Ֆրանսիայում գտնվող բոլոր տաճարականներին: Պապը սկզբում հանդես եկավ դատական քննություն անցկացնելու անթույլատրելիության կոչով, սակայն արդյունքում ստիպված էր հանձնվել: 1307թ. հոկտեմբերի 13-ին սկսվեցին ձերբակալությունները: Տաճարականներին մեղադրեցին սարսափելի մեղքերի մեջ: Նրանց նկատմամբ կիրառում էին խիստ պատժամիջոցներ, որի արդյունքում շատ տաճարականներ տանջամահ արվեցին: Բնականաբար, տանջանքների ներքո տաճարականներն ընդունում էին իրենց մեղքերը:

Տաճարականների ողջակիզումը

 

Հռոմի պապը ֆրանսիական թագավորի հաղթարշավը տաճարականների նկատմամբ ընդունեց որպես իր իշխանությունը սահմանափակելու փորձ և այդ պատճառով հենց ինքը նոյեմբերի 22-ին կոչ արեց սկսել օրդենի հանցագործությունների համատեղ քննություն: Դրանով Կլիմենտը ցանկանում էր հիշեցնել Ֆիլիպին եկեղեցու ավելի բարձր դիրքի մասին, որի գործերի մեջ թագավորն իրավունք չունի միջամտել: Դրանից հետո սկսվեցին նոր հետաքննություններ: Դրանք իրականացնում էին տեղացի եպիսկոպոսները, որոնք առավելապես ներկայացնում էին ֆրանսիական թագավորի շահերը: Զարմանալի չէ, որ հարցաքննություններն իրականացվում էին ավելի խիստ տանջանքների գործադրմամբ: Սակայն 1309թ. գործը որոշեց քննել հատուկ պապական հանձնաժողովը, որի առջև տաճարականները հանդես էին գալիս ի պաշտպանություն իրենց օրդենի և մատնանշում էին այն բոլոր հալածանքները, որոնք նրանց ստիպել էին խոստովանել իրենց մեղքը: Այդ պատճառով էլ որոշվեց հրավիրել Եկեղեցական ժողով, որը պետք է վերջնական որոշում կայացներ “տաճարականների գործով”: 1311թ. վերջում կայացավ Վիեննայի Ժողովը, որում տաճարականները ճանաչվեցին հերետիկոսներ: 1312թ. մայիսի 22-ին օրդենը լուծարվեց, իսկ նրանց ողջ հարստությունը փոխանցվեց մեկ այլ եկեղեցական օրդենի, որից Ֆիլիպ 4-րդը ստացավ խոշոր մասնաբաժին` որպես “դատական ծախսեր”: Տաճարականները դատապարտվեցին տարբեր ժամկետներով բանտարկության, իսկ նրանց առաջնորդներն արդեն 1314թ. դատապարտվեցին մահապատժի:

Երկու տաճարականների ողջակիզումը

 

Օրդենի ջախջախումից հետո դրա շուրջ տարածվեցին բազում լեգենդներ, որոնց թվում է այն, թե նրանք հայտնաբերել և պահել են Սուրբ գավաթը: Բնականաբար, այդպիսի լեգենդները չունեն հիմնավոր փաստարկներ: Սակայն դրանք միայն նպաստեցին արևմտյան միջնադարի ամենախորհրդավոր և ամենաողբերգական օրդենի նկատմամբ հանրային հետաքրքրության աճին:

Կիսվել`
Կարդացեք նաև