Ներկայացվել է Հայոց ցեղասպանության հարցը իրավական հարթություն տեղափոխելու ծրագիր-ուղեցույց

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» թեմայով համաժողով և «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» խորագրով իրավական ուղեցույցի շնորհանդես: Ծրագրի կազմակերպիչը «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն է: Այս մասին տեղեկացնում է legalinfo.am-ը:

Ծրագրի ղեկավար, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավաբանական ծառայության պետ Վլադիմիր Վարդանյանը, ներկայացնելով ծրագրի հիմնական դրույթները, նշեց, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է դուրս բերվի զգացական դաշտից և տեղափոխվի իրավական դաշտ, և դրա փոխարեն պետք է ավելի մանրամասն ու հստակ զբաղվել իրավական, իրավաքաղաքական խնդիրներով:

Ելույթներով հանդես եկան նաև ԵՊՀ-ի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Լևոն Գևորգյանը, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն, համահիմնադիր Տարոն Սիմոնյանը, ԵՊՀ-ի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը:

Ուղեցույցի հեղինակները համոզմունքն է, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացին զուգահեռ անհրաժեշտ է նաև հարցն իրավական հարթություն տեղափոխելուն ուղղված հետևողական աշխատանք իրականացնել:

Ուղեցույցի առաջին խմբի (ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական ասպեկտները) մեջ մտնող հիմնահարցերը հիմնականում վերաբերում են փաստական հանգամանքների վերհանմանը և միջազգային իրավունքի տեսանկյունից դրանց գնահատմանը:

Երկրորդ խումբը կազմող հիմնահարցերի (պատասխանատվությունը հայոց ցեղասպանության մերժողականության քաղաքականության համար) բուն նպատակը պայմանագրային և սովորութային միջազգային իրավական նորմերի վերհանումն ու վերլուծումն է: Այդպիսով հնարավոր կլինի հիմնավորել ներկայացվող պահանջների իրավաչափությունը, ինչը հիմք կհանդիսանա Թուրքիային միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու համար:

Ուղեցույցի երրորդ խումբը կազմող հիմնահարցերը (հայերի դեմ իրագործած ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը միջազգային իրավական պահանջներ ներկայացնելու հնարավոր եղանակները և միջոցները) վերաբերում են այսօր առկա այն միջազգային-իրավական մեխանիզմներին, որոնք հնարավորություն կընձեռեն բարձրացնել Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության հարցը: Քննարկվում է նաև այն հարցը, թե ինչ պահանջներով կարող են հանդես գալ Ցեղասպանության զոհերի ժառանգները, և որոնցով` Հայաստանի Հանրապետությունը:

«Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» ուղեցույցի էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ:


Հիշեցնենք, որ վերջերս նաև լույս է տեսել պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գիրքը:

 

Լուսանկարը` legalinfo.am-ի:

Կիսվել`
Կարդացեք նաև